ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածի «գ» մասում ՀՀ Կառավարությանը վերապահվում է տարածաշրջանային մաքսատներ ստեղծելու իրավասություն : Մեր կարծիքով, մաքսային մարմինների ցանկը պետք է սահմանվի օրենքով, եւ ոչ թե Կառավարության որոշմամբ: Այս դրույթը հակասում է օրենքի տրամաբանությանը եւ առաջարկվում է այն վերախմբագրել կամ հանել նախագծի հոդվածի շարադրանքից:

2. Նախագծի 8 հոդվածում շարադրված «Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:» դրույթը կրկնվում է Նախագծի մի շարք այլ հոդվածներում: Այս կապակցությամբ առաջարկվում է, կրկնություններից խուսափելու համար, այն հանել մյուս հոդվածների շարադրանքից:

Բացի վերոգրյալ դիտողություններից եւ առաջարկություններից Նախագիծը պարունակում է բազմաթիվ խմբագրական ու լեզվաոճական բնույթի թերություններ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ.Կիրակոսյան
Վ.Էլոյան
Ժ.Աբրահամյան