ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահական հաշվառման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-389-5.10.2018-ՖՎ-011/0), «Աուդիտորական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3891-5.10.2018-ՖՎ-011/0), «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3892-5.10.2018-ՖՎ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3893-5.10.2018-ՖՎ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3894-5.10.2018-ՖՎ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3895-5.10.2018-ՖՎ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3896-5.10.2018-ՖՎ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3897-5.10.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստանալ հետեւյալ հիմնական արդյունքները`

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման եւ շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների եւ Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

3. Ընդհանուր առմամբ, սույն Փաթեթով առաջարկվող օրինագծերն ուենեն մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն կցանկանայինք որոշ նկատառումներ ներկայացնել` կապված որոշ նախագծերի հետ:

4. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

4.1 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել եւ համահունչ դարձնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի հետ` կապված այդ օրենքով պետական կառավարչական մարմինների համակարգի արդեն իսկ իրականացված փոփոխությունների հետ, ինպես նաեւ այս համատեքստում հարկ կինի համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում, որի նախագիծը սույն Փաթեթում ներառված չէ:

4.2 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-10-րդ կետերը, մեր կարծիքով, անհրաժեշտ է համահունչ դարձնել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավորումների հետ, այլապես երեք տարբեր օրենքներով կունենանք նույն երեւույթի երեք տարբեր սահմանումներ ու կիրառվող չափանիշներ:

4.3 Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ որակավորումը տրվում է այն դիմորդին, որը. «որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.» (ընդ որում` չի սահմանվում թե բարձրագույն ո՞ր կրթության մասին է խոսքը), իսկ 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանվում է, որ. «Փորձագետ հաշվապահների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:»: Արդյունքում, մի կողմից ստացվում է ներքին հակասություն, իսկ մյուս կողմից` այնպիսի մի իրավիճակ, երբ փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար կարող են դիմել նաեւ բարձրագույն ցանկացած կրթություն ունեցող անձինք: Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկում ենք 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բարձրագույն» բառից հետո ավելացնել «մասնագիտական» բառը, իսկ 19-րդ հոդվածի 1-ին մասի «միջնակարգ կրթություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «բարձրագույն մասնագիտական կրթություն» բառերով:

5. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

5.1 Տվյալ Նախագծում առկա է այն նույն խնդիրը, որը ներկայացվեց սույն եզրակացության 4.3-րդ կետում: Մասնավորապես, Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ աուդիտորի որակավորումը տրվում է այն դիմորդին, որը. «որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.», իսկ 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանվում է, որ. «Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:»: Արդյունքում, մի կողմից ստացվում է ներքին հակասություն, իսկ մյուս կողմից` այնպիսի մի իրավիճակ, երբ աուդիտորիի որակավորում ստանալու համար կարող են դիմել նաեւ բարձրագույն ցանկացած կրթություն ունեցող անձինք: Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկում ենք 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բարձրագույն» բառից հետո ավելացնել «մասնագիտական» բառը, իսկ 27-րդ հոդվածի 1-ին մասի «միջնակարգ կրթություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «բարձրագույն մասնագիտական կրթություն» բառերով:

6. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասության մեջ, ըստ երեւույթին, բաց է թողնել «3» թիվը, որն առաջարկում ենք ավելացնել:

  

ՀՀ ԱԺ  աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                      Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

16.10.2018թ.