ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում  կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-392-15.10.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գ. Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ նկատառումներ:

ա) Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը նախկինում եւս ազատված է եղել ավելացված արժեքի հարկից` արտադրողի կողմից ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման մասով: Չնայած տրամադրված արտոնությանը, որը գործել է բավականաչափ երկար ժամանակահատվածում, միանշանակ չի կարելի պնդել, որ այն շոշափելիորեն նպաստել է այդ ոլորտի զարգացմանը: Ընդ որում, արտոնության վերացումը պայմանավորված է եղել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններով: Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, կարղ են առաջանալ որոշակի խնդիրներ ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունների կատարման առումով:

բ) Հաշվի առնելով հանրապետությունում ներկայումս գործող ավելացված արժեքի հարկի շեմը` 115 մլն դրամ, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասի շրջանառության ծավալը, կարելի է ասել, որ դրանց զգալի մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եթե Նախագծի նպատակը նման տնտեսությունների գործունեության խթանումն է, ապա, կարծում ենք, որ սույն Նախագծով այդ խնդիրը չի լուծվում: Ի դեպ, Նախագծի հիմնավորման մեջ ներմուծվող եւ հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի գների մեծ տարբերության պատճառ ներկայացվում է այն, որ «ներկրման ժամանակ ներկրողների կողմից վճարվում է ԱԱՀ, իսկ հետագայում վաճառքի ժամանակ այն հաշվանցվում է», ինչի հնարավորությունը ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի դեպքում չկա: Ամբողջությամբ չկիսելով նման տեսակետը, կարծում ենք, որ առաջարկվող լրացման դեպքում այդ խնդիրը եւս չի լուծվի, քանի որ նախագծով խոսքը գնում է ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաեւ ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի մասին: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող լրացման ընունման դեպքում ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի  իրացումը եւս կազատվի ավելացված արժեքի հարկից եւ ներմուծվող ու արտադրվող գյուղմթերքի միջեւ ներկայումս գոյություն ունեցող գնային տարբերությունները  կշարունակեն գոյություն ունենալ: Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ այս կամ այն գործարքի ազատումն ավելացված արժեքի հարկից դեռեւս երաշխիք չէ համապատասխան ապրանքների կամ ծառայությունների գների նվազեցման համար, քանի որ շուկայի պայմաններում գնագոյացման հիմնական գործոններից մեկը դրանց նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի առաձգականությունն է: 

գ) Նախագծով առաջարկվող լրացման հիմնական նպատակն, ըստ էության, հանգում է խոշոր առեւտրային ցանցերին եւ ԱԱՀ-ով աշխատող առեւտրի օբյեկտներին ավելացված արժեքի հարկից ազատմանը` ձգտելով նվազեցնել ԱԱՀ-ով հարկմամբ պայմանավորված գները: Կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում կստեղծվեն որոշակիորեն անհավասար պայմաններ ԱԱՀ-ով եւ շրջանառության հարկով աշխատող տնտեսավարող սուբյեկտների միջեւ, քանի որ վերջիններիս համար գյուղատնտեսական արտադրանքի իրացման շրջանառության մասով կառաջանան հարկային պարտավորություններ, իսկ ԱԱՀ-ով աշխատող տնտեսավարող սուբյեկտների համար` ոչ:  

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                 Գ. Կիրակոսյան

27.10.2018թ.