ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում  կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-394-16.10.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գ. Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկել ըստ յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնող եկամտի համար կիրառվող դրույքաչափի: Այլ կերպ ասած, Նախագծով նախատեսվում է մայրության նպաստի գումարը բաժանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի ամիսների վրա` ստացված արդյունքի վրա կիրառելով եկամտային հարկի համապատասխան դրույքաչափը: Ակնհայտ է, որ այդ դեպքում վճարվող հարկի գումարը կլինի ավելի փոքր եւ սոցիալական առումով ավելի գրավիչ է: Սակայն, այդ դեպքում կարող են առաջանալ որոշ խնդիրներ եւ այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Հարկային օրենգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով: Իսկ նույն օրենգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է. «2) հաշվառման դրամարկղային մեթոդը նշանակում է, որ` 

ա. հարկ վճարողը եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացնում է` ելնելով հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից` անկախ իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից»:

Այսինքն, Նախագծով առաջարկվող լրացման ընդունման դեպքում, մեր կարծիքով, հակասություն կառաջանա Հարկային օրենսգրքի վերը նշված հոդվածների հետ:

բ) Չնայած այն հանգամանքին, որ մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի հիման վրա, այդուհանդերձ, այն վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածին նախորդող օրերին` որպես միանվագ հատուցում: Հետեւաբար, կարծում ենք, որ այն առավել տրամաբանական է դիտարկել որպես մեկ հարկման բազա եւ կիրառել համապատասխան դրույքաչափ: Որպես փաստարկ կարելի է ներկայացնել այն, որ այս դեպքում, հաշվի առնելով նաեւ հարկի հաշվարկման դրամարկղային մեթոդի էությունը, տրամադրվող նպաստի գումարն իրենից ներկայացնում է մեկ ամբողջական եկամուտ եւ, տրամաբանական եւ հիմնավորված չէ այն մասերի տարանջատելով` հարկել եկամտային հարկի առավել ցածր դրույքաչափերով, որքան էլ սոցիալական առումով այն ցանկալի մոտեցում համարվի: 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                                Գ. Կիրակոսյան 

27.10.2018թ.