ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-11-8.02.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Ի. Տոնոյանի եւ Ն. Առուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է` օրենսդրորեն ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում` աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի վերնագրում անհրաժեշտ է «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով` Նախագծի վերնագիրը դրա տեքստին համապատասխանեցնելու նպատակով:

բ) Նախագծի 1-ին հոդվածում կատարված հղումը ճշտելու նպատակով առաջարկում ենք «...113-րդ հոդվածի 9-րդ մասը...» բառերը փոխարինել «...113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը...» բառերով:

գ) Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված գաղափարն առաջին հայացքից բավականին արդարացված եւ հիմնավոր է թվում, սակայն հարկ է նկատի ունենալ նաեւ որոշ այլ հանգամանքներ, մասնավորապես`

- կարծում ենք, այնքան էլ արդարացված չէ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակների կողմից բերված այն պնդումը, որ. «...աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են...», քանի որ աշխատանքի վայր չներկայանալն արդեն իսկ իր մեջ պարունակում կամ հավելում է, որ տվյալ աշխատողը չի կատարելու նաեւ իր աշխատանքային պարտականությունները (այսինքն` տվյալ դեպքում գործ ունենք երկու էպիզոդի հետ), իսկ աշխատանքի վայր ներկայանալը եւ աշխատանքային պարտականությունները չկատարելը, ամեն դեպքում, իրենից մեկ էպիզոդ է ներկայացնում: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործազրկության եւ աշխատատեղերի սղության ներկա մակարդակների պայմաններում, աշխատանքի վայր ներկայանալը եւ աշխատանքային պարտականությունները չարամտորեն չկատարելը համատարած բնույթ կրել չի կարող, կարելի է ենթադրել նաեւ, որ նման վարքագիծը, որպես կանոն, պայմանավորված կարող է լինել բազմաթիվ հանգամանքներով (այդ թվում` նաեւ հարգելի),

- աշխատանքային պարտականությունների չկատարումը, ինչպես նշվեց, կարող է պայմանավորված լինել բազամաթիվ գործոններով, ուստի նման հարաբերությունները, կարծում ենք, պետք է կարգավորվեն աշխատանքային պայմանագրերով` կախված տվյալ աշխատանքի եւ դրա կատարման պայմանների առաձնահատկությունների հետ,

- ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորման մեջ արտահայտված այն մտքին, որ. «...Աշխատանքային օրենսգրքում նախատեսված չէ աշխատանքային պարտականությունների փաստացի կատարմանը չանցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, դրա հետեւանքով գործատուն ստիպված է լինում սպասել, որ այդ երեւույթը կրի պարբերական բնույթ, եւ մեկ տարվա ընթացքում աշխատանքային կարգապահության խախտման համար երկու կարգապահական տույժի առկայության դեպքում նոր միայն երրորդ խախտումը հիմք ընդունի աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:», ապա հարկ է նշել, որ այն դեպքերում, երբ աշխատողն ուղղակի չարամտորեն չի կատարում իր աշխատանքային պարտականությունները կամ որեւէ կերպ չի բացատրում իր վարքագիծը, ապա Աշխատանքային օրենսգիրքը չի սահմանափակում գործատուի իրավունքը` վերը նշված մեխանիզմից օգտվել բառացիորեն 2-3 օրվա ընթացքում եւ չսպասել մինչեւ մեկ տարվա ժամկետի ավարտը,
 
 

- եւ վերջապես` «աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների չկատարումը», մեր կարծիքով, խիստ մեկնաբանելի դրույթ է, քանի որ որեւէ իրավական ակտով (նաեւ` տվյալ Նախագծով) սահմանված չեն տվյալ երեւույթի չափանիշները (նույնիսկ գործատուի համար ցանկալի արտադրողականությամբ աշխատանքի չկատարումը նրա կողմից կարող է մեկնաբանվել որպես ամբողջ օրը չաշխատելու դրսեւորում): Այս հանգամանքն էլ կարող է գործատուի կողմից անհարկի մեկնաբանության հիման վրա աշխատողին աշխատանքից ազատելու հիմք հանդիսանալ, իսկ այդ հիմքով «սպառնալիքն» էլ աշխատողների իրավունքների ինքնասահմանափակման իրական ռիսկեր կառաջացնեն:
 
 
 
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ՝                Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
 
 

13.02.2019թ.