ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-51-11.03.2019-ՏՀ-011/0) եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-511-11.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է տեղական արտադրողների պաշտպանության նպատակով  կիրառել որոշակի կարգավորումներ` հանրապետություն ցեմենտի ներմուծման նկատմամբ, այն սահմանելով որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ եւ դրա համար գանձելով պետական տուրք` բազային տուրքի 22-ապատիկի չափով? յուրաքանչյուր տոննայի համար: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Փաթեթով ներքին արտադրողների պաշտպանության նպատակով առաջարկվող լուծումը, չնայած այն հանգամանքին, որ հիմնավորման մեջ ներկայացվում է որպես ոչ սակագնային կարգավորում, այդուհանդերձ, բովանդակային առումով ոչ այլ ինչ է, քան ակցիզային հարկ: Բացի այդ, տվյալ մոտեցումը չի բխում նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի էությունից եւ տրամաբանությունից, ըստ որի. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:»: Թեեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն պետական տուրքը գանձվում է նաեւ «օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար», այդուհանդերձ, Փաթեթով նախատեսվում է պետական տուրքը գանձել ոչ թե ցեմենտի ներմուծման վերաբերյալ ծանուցում ներկայացնելու եւ ներմուծման իրավունք ձեռք բերելու, այլ ցեմենտի ներմուծման յուրաքանչյուր տոննայի դիմաց, ինչն էլ հենց ակցիզային հարկին բնորոշ բաղադրիչ է:

բ) Փաթեթում ընդգրկված երկու նախագծերն էլ նախատեսվում է ուժի մեջ մտցնել դրանց հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: Այս առումով, առաջարկվում է քննարկել Փաթեթն ուժի մեջ մտցնելու դրույթի վերանայման հարցը՝ առավել մեծ ժամանակահատված հատկացնելով նման գործունեությամբ զբաղվողներին օրենսդրության նոր պահանջներին հարմարվելու համար: Բացի այդ, կարծում ենք, որ նման մոտեցումը բխում է նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից, համաձայն որի. «Ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո»:

գ) Ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրված «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31-28.02.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Համաձայնագիր), որով Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որոշակի պարտավորություններ է ստանձնում: Մասնավորապես, Համաձայնագրի 2.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է, որ. 

«1. Կողմերն ընդունում են, որ ներքին հարկերն ու մյուս ներքին վճարները, եւ ներքին վաճառքին առնչվող օրենքները, նորմատիվ ակտերն ու պահանջները, ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխման կամ օգտագործման վերաբերյալ առաջարկները, ինչպես նաեւ ապրանքների համակցում, մշակում եւ որոշակի քանակությամբ ու մասնաբաժիններով օգտագործում պահանջող ներքին քանակական սահմանափակումները չեն կիրառվում ներմուծվող կամ ներքին ապրանքների նկատմամբ` ներքին արտադրությանը սատարելու նպատակով:

2. Մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ներմուծվող ապրանքները, ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի ենթակա չեն ներքին հարկման կամ ցանկացած բնույթի այլ ներքին վճարների, որոնք գերազանցում են նմանատիպ ներքին ապրանքների նկատմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվող ներքին հարկերն ու վճարները: Բացի այդ, Կողմերը ներմուծվող կամ ներքին ապրանքների նկատմամբ ներքին հարկումը կամ մյուս ներքին վճարները չեն կիրառում այնպես, որ խախատվեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված սկզբունքները[1]:»:

Այս առումով, չնայած ԱՀԿ-ի Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրի եւ Եվրասիական միության մասին պայմանագրի առկայությանը, կարծում ենք, նշված նախագծերի միջեւ թղթակցվածության ապահովման անհրաժեշտություն է առաջանում:

  

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                      Գ. Կիրակոսյան 

14.03.2019թ.


 
 

--------------------------------------------------------------------------------

[1] 2-րդ կետի առաջին նախադասության պահանջները բավարարող հարկը երկրորդ նախադասության առաջարկների հետ համարվում է անհամատեղելի միայն այն դեպքերում, երբ առկա է մրցակցություն մի կողմից` հարկվող ապրանքների, մյուս կողմից` համանման հարկով չհարկված` ուղղակիորեն մրցակցող կամ փոխարինվող ապրանքների միջեւ: