ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-58-14.03.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կենդանիների քանակի կարգավորմանը եւ կենդանիների պաշտպանությանը վերաբերող հոդվածներում (15-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ), համաձայն որոնց` բացառվում եւ արգելվում է կենդանիներին զենքի կիրառմամբ եւ անմարդկային մեթոդներով ոչնչացումը: 

Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ բարձրացված խնդիրը վերաբերում է բնակավայրերում թափառող կենդանիներին, մասնավորապես` թափառող շներին, որոնց էլ նկատի ունի Նախագծի հեղինակը: Սակայն, քանի որ առաջարկվում է լրացում կատարել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որը վերաբերում է բոլոր կենդանիներին, այդ թվում` նաեւ բնակավայրերից դուրս ապրող վայրի կենդանիներին, ապա առաջարկվող արգելքը մեխանիկորեն կտարածվի նաեւ այդ կենդանիների վրա, իսկ վայրի կենդանիներին, օրինակ` դրանց պոպուլյացիների կարգավորման նպատակով, ոչնչացումն այլ կերպ, քան զենքի կիրառմամբ, գործնականում հնարավոր չի լինի: Այս կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր` «ե» կետ եւ դրանով սահմանել, որ արգելվում է բնակավայրերում թափառող կենդանիներին ոչնչացնել զենքի կամ անմարդկային որեւէ այլ միջոցով:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                       Ա. Հարությունյան

22.03.2019թ.