ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-91-4.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է ընդլայնել անշարժ գույք ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվողների շրջանակը: Մասնավորապես, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի, «վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով օրենսգրքով սահմանված սահմանափակումները:»: 

Նախագծով առաջարկվում է բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները փոխհատուցելու վերաբերյալ դրույթները կիրառել նաեւ «Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից հիպոտեկի պայմանագրով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերելու դեպքում:»: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում եկամտային հարկի վերադարձից կօգտվեն նաեւ մարզերում երկրորդային շուկայից ամշարժ գույք ձեռք բերող ֆիզիկական անձինք:

3. Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Անշուշտ, առաջարկվող քայլն էական առաջընթաց է հարկային գործիքների (տվյալ դեպքում` եկամտային հարկի) միջոցով սոցիալական խնդիրների լուծման` մասնավորապես՝ բնակչության բնակարանային ապահովվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ի դեպ, հարկ է նշել, որ նման մոտեցումը լայն տարածում ունի տարբեր երկրներում` մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում եւ մի շարք այլ պետություններում, որտեղ հարկային օրենսդրությամբ նախատեսված են հարկային տարբեր արտոնություններ` ինչպես անշարժ գույքի ձեռք բերման նպատակով կատարվող ծախսերի չափով հարկման բազայի նվազեցման, այնպես էլ պետության կողմից փոխհատուցումների իրականացման տեսքով: Ընդ որում, դա պայմանավորված է նաեւ նրանով որ եկամտային հարկը կարեւոր գործիք է ոչ միայն ֆիսկալ, այլեւ նաեւ սոցիալական խնդիրների լուծման համար: Մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքով ներկայումս անշարժ գույքի ձեռք բերման հետ կապված տրամադրվող արտոնությունն ավելի շատ ուղղված է անմիջական կառուցապատողների տնտեսական գործունեության, քան ֆիզիկական անձանց կողմից բնակարանային պայմաների բարելավման խթանմանը: Այս առումով, Նախագծով առաջարկվող քայլը զգալի առաջընթաց է ներկայումս գործող կարգից: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ներկայացված ձեւակերպումները որոշակի խնդիրներ կարող են առաջացնել, որոնց վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ առաջարկությունները:

Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում է «երկրորդային շուկա» բառակապակցությունը կամ հասկացությունը, ինչը, մեր կարծիքով, կարող է տարբեր մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք տալ: Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է Նախագծով տալ այդ հասկացության սահմանումը (ինչը, ի դեպ, նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ է) կամ էլ Նախագծի 1-ին հոդվածից հանել «երկրորդային շուկա» արտահայտությունը (որի արդյունքում առաջարկվող արտոնությունը կտարածվի ինչպես անմիջական կառուցապատողից, այնպես էլ այլ անձանցից հիպոտեկի պայմանագրով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերերող քաղաքացիների վրա? 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                         Գ. Կիրակոսյան 

22.04.2019թ.