ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-112-18.04.2019-ԱՄ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված են ինչպես 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, այնպես էլ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների համար: Համաձայն այդ հոդվածի՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Նրանք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձիք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն հաշվի առնելով օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը, անհրաժեշտ կլինի քննարկել նաեւ պետական բյուջեով համապատասխան գումարների հատկացման հարցը: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                           Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

22.04.2019թ.