ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-139-17.05.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Աբովյանի, Դ. Մանուկյանի եւ Ջ. Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից՝  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումն ազատել ավելացված արժեքի հարկից: 

3. Այս կապակցությամ հարկ ենք համարում նշել, որ ընդհանուր առմամբ Նախագծով հետապնդվող նպատակը միանգամայն ողջունելի է եւ ուղղված է ՀՀ պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ, Նախագծում առկա են որոշ դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես.

3.1 Հստակեցման կարիք ունի «ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից՝  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում՝ ռազմական նշանակության աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցում» արտահայտությունը: Այսինքն, այստեղ խոսքը պետք է գնա ոչ թե անձամբ բարերարների կողմից, այլ նրանց ֆինանսական աջակցության միջոցով իրականացվող աշխատանքների եւ ծառայությունների մասին: Մասնավորապես, առաջարկում ենք լրացման տեքստի «մատակարարումը,» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ նրանց կողմից ֆինանսավորվող ռազմական նշանակության» բառերը:

3.2 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունից անհրաժեշտ է հանել «բացառապես ռազմական նշանակության՝ ԱԱՀ-ից ազատվող» արտահայտությունը, քանի որ տվյալ պարբերությունում արդեն իսկ նշված է, որ խոսքը գնում է այդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների մասին:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի պետ`                                                                 Գ. Կիրակոսյան 

05.06.2019թ.