ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-153-23.05.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է տոտալիզատորներին թույլատրել սպորտային ենթակառուցվածքի վրա տեղադրել իրենց արտաքին գովազդը, պայմանով, որ տոտալիազատորն առավելագույնը 2 հաջորդական տարիների ընթացքում առնվազն 30 մլն դրամի ներդրումներ պետք է կատարի այդ ենթակառուցվածքներում: Ըստ Նախագծի հեղինակների՝ սույն Նախագիծն առաջնահերթ միտված է մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ տոտալիզատորների գովազդային բյուջեի մի մասը երկրում պահելուն եւ հնարավորինս թույլ չտալուն, որպեսզի այն արտահոսի սոցիալական ցանցերի միջոցով:

3. Նախագիծը, մեր կարծիքով, զերծ չէ թերություններից, որոնց վերաբերյալ մեր նկատառումները կայանում են հետեւյալում:

3.1 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «16-րդ» բառերը եւ «16» թիվն անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար՝ «17-րդ» բառերով եւ «17» թվով, քանի որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածն արդեն իսկ ունի 16-րդ մաս (որը լրացվել է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-29-Ն օրենքով):

3.2 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող տոտալիզատորի կողմից սպորտային ենթակառուցվածքի համար առնվազն 30 միլիոն հայկական դրամի չափով ներդրումը պետք է կատարվի առավելագույնը 2 հաջորդական տարիների ընթացքում, որի հետ կապված երկու հարց է առաջանում. նախ՝ ինչու՞ է տվյալ հնարավորությունը ընձեռվում միայն տոտալիզատորների համար, այն դեպքում, երբ գովազդի արգելքը սահմանված է բոլոր տիպի շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների վրա (կարծում ենք, տրամաբանական եւ արդարացի կլինի առաջարկվող արտոնությունը տալ նշված բոլոր կազմակերպություններին, միաժամանակ՝ զերծ մնալով օրենքում խտրական վերաբերմունք ամրագրելու փաստից), եւ երկրորդ՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե նշված հաջորդական 2 տարիների ընթացքում փաստացի ե՞րբ է ծագելու արտաքին գովազդի տեղադրման իրավունքը (այլ կերպ ասած՝ երբվանի՞ց կարող է սուբյեկտը տեղադրել իր արտաքին գովազդը՝ 30 մլն. դրամի ներդման մասին համաձայնագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելու՞ց հետո, 2 տարվա ընթացքում 30 մլն. դրամի ներդրումը փաստացի կատարելու՞ց հետո, թե՞ որեւէ այլ պայման կատարելուց հետո):

3.3 Մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվող ներդրումների տեսակները: Մասնավորապես՝

ա) առաջարկում ենք 3-րդ կետում հստակեցնել, թե ու՞մ «պատկանելիք գույքի» մասին է խոսքը (եթե սա վերաբերում է սպորտային ենթակառուցվածքին, ապա անհրաժեշտ է շեշտել տվյալ հանգամանքը՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով),

բ) առաջարկում ենք հանել 4-րդ կետը, քանի որ կոմունալ վճարների կատարումը որպես ներդրում ամրագրելը մասնագիտական առումով կոռեկտ չի կարող համարվել:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                           Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

11.06.2019թ.