ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0) եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1821-07.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մեքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի պետական աջակցության ապահովմանը, ինչպես նաեւ դրանց իրականացման գործընթացում ներգրավված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների հստակեցմանը: 

3. Կարեւորելով հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգարվման գործընթացի ակտիվացման օրենսդրական լուծումների անհրաժեշտությունը, այդուհանդերձ, հարկ ենք համարում ներկայացնել Փաթեթի հետ կապված որոշ նկատառումներ:

3.1 Փաթեթում ընդգրկված «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագծի) 1-ին հոդվածում խոսք է գնում ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին՝ առանց «ներդրումային ծրագիր» եւ «պետական աջակցություն» հակացությունների հստակեցման: Ընդ որում, Նախագիծը վերնագրված է «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին», ինչից բխում է, որ տեսքտում պետք է հստակ սահմանված լինեին պետական աջակցության ուղղությունները, ձեւերը եւ եղանակները: Մինչդեռ, դրանցից որոշները ձեւակերպված են շատ ընդհանուր կերպով, ինչի արդյունքում զգալիորեն նվազում է նման ծրագրերի արդյունավետ իրականացման հավանականությունը: Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ-ում ներդրումային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը բավականչափ սահմանափակ է գործող օրենքների առումով եւ, մեր կարծիքով, նման հասկացությունների օգտագործումն առանձին օրենքների նախագծերում պահանջում է դրանց հստակ սահմանում:

3.2 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում որպես կարգավորման առարկա են սահմանվում 2-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացմամբ պայմանավորված հարաբերությունները, մինչդեռ 2-րդ հոդվածում խոսք է գնում միայն մեկ չափորոշիչի՝ 50 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի մասին: Այս առումով, կարծում ենք, հստակեցման անհրաժեշտություն կա: Բացի այդ, կարծում ենք, պետական աջակցության ենթակա ծրագրերի չափորոշիչները չպետք է սահմանափակվեն միայն քանակական մեծությամբ, այլ պետք է նաեւ որպես այդպիսին դիտարկել տնտեսության համար ներդրումների ռազմավարական նշանակությունը:

3.3 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի պահանջների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», մինչդեռ՝ Նախագծի տեքստում սահմանվող պահանջները, որպես այդպիսիք, բացակայում են, իսկ 4-րդ հոդվածով սահմանվում են միայն ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթները:

3.4 Նախագծով սահմանվում են ներդրումային ծրագրերի պետական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի գործառույթները, մինչդեռ՝ ներդրումային ծրագրեր իրականացնողների պարտականությունները բացակայում են: Կարծում ենք, պետական աջակցության իրականացումը պետք է ենթադրի փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների սահմանում՝ ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքներն ապահովելու համար:

3.5 Փաթեթում ընդգրկված ,Կառավարության կառւցվածքի եւ գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 189-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:»: ՀՀ Սահմանադրության 147-րդ հդված 2-րդ մասով սահմանված է, որ «Նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով:» Հետեւաբար, Ազգային ժողովի պատգամավորի նախաձեռնությամբ «Կառավարության կառւցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ չի կարող ներկայացվել:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի պետ`                                                             Գ. Կիրակոսյան 

19.06.2019թ.