ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-190-14.06.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Ներկայացվող նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է, մասնավորապես, «Պետական նպատների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 32.1-ին հոդվածով սահմանվում են ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները: Մասնավորապես`

1) ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

2) հաշմանդամության նպաստը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Օրենքի 32.1-ին հոդվածի իրավակարգավորումների (համապատասխան իրավակարգավորումների բացակայության) արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ անձը կորցնում է որեւէ տեսակի նպաստ ստանալու իրավունքը (օրինակ՝ վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու, գործում ոչ հավաստի փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով եւ այլն)՝ ունենալով այլ տեսակի նպաստի իրավունք:

Այս դեպքում, համապատասխան իրավակարգավորումների բացակայության պատճառով, նպաստը նշանակվում է դիմելու օրվանից՝ չնայած այն հանգամանքին, որ եթե շահառուն ավելի վաղ տեղյակ լիներ խնդրին, ապա նպաստ նշանակելու դիմումը կներկայացներ (նպաստ ստանալու իրավունք ձեռք կբերեր) ավելի վաղ ժամկետից:

Օրենքի 35-րդ հոդվածով կանոնակարգվում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես, թաղման նպաստը տրվում է նաեւ հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում:

Գործնականում, հանդիպում են դեպքեր, երբ անձը սահմանված ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչեւ այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը:

Այս դեպքի համար օրենքով թաղման նպաստ նշակելու եւ վճարելու դրույթ նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում վարչական վարույթը դադարեցվում է:

Արդյունքում, անհավասար պայմաններ են ստեղծվում նույն կարգավիճակն ունեցող տարբեր անձանց համար:

Օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելուն (վերադարձնելուն, բռնագանձելուն) առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչն ուղղակի կարգավորումների բացակայության պատճառով խնդիրներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                  Ա. Հարությունյան

21.06.2019թ.