ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-208-24.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Աբովյանի, Դ. Մանուկյանի եւ Ջ. Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարք սահմանել «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարների կողմից`  բացառապես ռազմական նշանակության շրջանակներում` ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման եւ այլ ռազմական նշանակության ապրանքների ներմուծման կամ  մատակարարման  համար  թռիչքներ իրականացնող օդանավերի՝  լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարումը եւ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների մատուցումը»: 

3. Այս կապակցությամ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ պաշտպանունակության մակարդակի բարձրացմանն ուղղված ցանկացած նպատակ միանգամայն ողջունելի է, սակայն Նախագծում առկա են որոշ դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես.

              3.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է սահմանված ապրանքների ներմուծման կամ  մատակարարման  համար  թռիչքներ իրականացնող օդանավերի՝  լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի մատակարարումը եւ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի ծառայությունների մատուցումը հարկել ավելացված արժեքի հարկի 0 տոկոս դրույքաչափով: Կարծում ենք, նման մոտեցումը ոչ միայն չի բխում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ավելացված արժեքի հարկի 0 տոկոս դրույքաչափի կիրառման ընդհանուր գաղափարից, այլ նաեւ հասցեական չէ: Ըստ էության, Նախագծի ընդունման դեպքում նշված արտոնության շահառու կլդառնան ոչ թե ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ բարերարները (ովքեր, տրամաբանորեն, պետք է արժանանան համապատասխան աջակցության), այլ վառելանյութի մատակարարման եւ նշված  ծառայություններ մատուցող ընկերությունները: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումների դեպքում: 

              Բացի այդ, բավականաչափ վիճահարույց է Նախագծով նախատեսվող ապրանքների «ներմուծման կամ  մատակարարման հետ ուղղակիորեն կապված՝  բեռնման, բեռնաթափման  աշխատանքների կատարումը» ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկելը: Նախ, կարծում ենք, որ ներմուծման դեպքում բեռնման աշխատանքների կատարման համար տրամաբանական չէ կիրառել ավելացված արժեքի հարկի զրո տոկոս դրույքաչափ: Բացի այդ, ներմուծման կամ  մատակարարման հետ ուղղակիորեն կապված այլ աշխատանքներ եւս կարող են լինել եւ, այս տեսանկյունից, նման ընտրովի մոտեցումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի պետ`                                                                     Գ. Կիրակոսյան 

27.06.2019թ.