ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Խ-219-9.07.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ավելացնել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ավանդների երաշխավորության չափերը, քանի որ նրանք, ըստ նախաձեռնության հեղինակի, հիմնականում չբնակվելով Հայաստանում, ունեն ավելի սահմանափակ տեղեկություն բանկային համակարգի եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, հետեւաբար՝ ավանդ ներդնելու մասով գրեթե ամբողջությամբ վստահում են ավանդների երաշխավորության համակարգին: Մասնավորապես, առաջարկվում է ոչ ռեզիդենտ ավանդատուների համար դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախ եւ առաջ հարկ է նշել, որ երաշխավորված ավանդների չափերի առաջարկվող մեծացումը բավականին կտրուկ տեսք ունի (արտարժույթով ավանդների համար երաշխավորման չափն առաջարկվում է բարձրացնել 100 տոկոսով, իսկ դրամային ավանդների համար՝ 50 տոկոսով), ինչը, ճիշտ է, մի կողմից կարող է բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչության մակարդակը, սակայն մյուս կողմից՝ բանկերի համար լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն կառաջացնի՝ համապատասխան ֆոնդին մասհանումների ավելացման, Կենտրոնական բանկի կողմից պահուստավորման նորմայի հնարավոր մեծացման եւ այլ տեսքով: Ուստի, բանկերի հետ քննարկման ենթակա հարց է՝ թե ընդհանուր առմամբ այս մոտեցումը նրանց համար դրական, թե՞ բացասական երեւույթ է:

3.2 Տնտեսության զարգացմանը նպաստելու եւ ներդրումների ներգրավման գործընթացի ակտիվացման տեսանկյունից ավանդների երաշխավորման մեխանիզմի նշանակությունը, մեր կարծիքով, բավականին գերագնահատվում է, քանի որ այլ հավասար պայմաններում միայն ավանդների չափերի մեծացումը չի կարող, ինքնին, տնտեսության զարգացման խթան հանդիսանալ:

3.3 Վերը նշվածի հետ միասին, Նախագծով առաջարկվող մոտեցումը խտրական պայմաններ կստեղծի ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ավանդատուների միջեւ, ինչը, կարծում ենք, ընդունելի մոտեցում չի կարող լինել:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության պետ՝                                 Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

15.07.2019թ.