ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թվային ֆինանսական ակտիվների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-224-12.07.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների պահպանման եւ շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաեւ դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները: Նախագծով ներդրվում է «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները, ինչպես նաեւ մայնինգի արդյունքում ստեղծվող թվային ֆինանսական ակտիվը կամ կրիպտոարժույթը նույնականացվում է գույքի հետ, սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով, ինչպես նաեւ ամրագրվում են պայմաններ, որոնց առկայության դեպքում անձինք կարող են կրել հարկային պարտավորություններ: 

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագիծը, մեր կարծիքով, բավականին թերի է, իսկ դրա ընդունումն էլ անհրաժեշտություն է առաջացնում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ՝

- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի համաձայն՝ թվային ֆինանսական ակտիվն էլեկտրոնային տեսքով գույք է, որը ստեղծվում է կրիպտոգրաֆիկայի միջոցով, սակայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ,էլեկտրոնային տեսքով գույքըե եւ որոնք են դրան բնարոշ հատկանիշները,

- «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ թվային դրամապանակի բացման, թվային գրառումների մասին տեղեկատվության պահպանման, վարման, փակման կարգը, ինչպես նաեւ թվային թղթապանակների պաշտպանության նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը, այն դեպքում, երբ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ԿԲ-ի համար նման լիազորություններ սահմանված չեն, հետեւաբար՝ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում,

-    ՀՀ Հարկային օրենսգրքում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կրիպտոարժույթների օտարումն ու փոխանակումը, որպես հարկման օբյեկտ, դիտարկվում են գույքային իրավունքների իրականացման տեսանկյունից, սակայն ՀՀ հարկային օրենսգրքով հարկման այս օբյեկտի առանձնահատկությունները սահմանված չեն (ինչը թույլ չի տալիս հարկման իմաստով գույքի հետ նույնականացնել կրիպտոարժույթը), ուստի դրա հարկումը գործնականում հնարավոր չի լինի իրականացնել,

- «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», ինչպես նաեւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում՝ Նախագծով կարգավորվող հարաբերություններն այդ օրենքերի հետ համահունչ դարձնելու նպատակով եւ այլն:

Հետեւաբար, սույն Նախագիծը պետք է ներկայացվեր նախագծերի փաթեթի տեսքով՝ ընդգրկելով նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

3.2 Նախագծով կարգավորված չեն թվային ֆինանսական ակտիվներով գործարքներ իրականացնող անձանց երաշխիքները (քանի որ ոչ միայն նման գործարքների կողմերը, այլեւ պատկան մարմինները գործնականում չեն կարող նույնականացնել այդ գործարքների կողմերին), ինչը, կարծում ենք, բավականին լուրջ խնդիր է՝ նրանց գույքային իրավունքերի եւ շահերի արդյունավետ պաշտպանություն իրականացնելու, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման գործընթացներում այլ քաղաքացիների ներքաշելու տեսանկյունից:

3.3 Անկախ այն հանգամանքից, որ Նախագծով թվային ֆինանսական ակտիվները սահմանվում են որպես գույք (չնայած դրանց բնորոշ չեն գույքի համար կիրառելի բոլոր հայտանիշերը, եւ այս իմաստով թվային ֆինանսական ակտիվները անշարժ եւ շարժական գույքից միանգամայն տարբերվող ակտիվի տեսակ է), այս ակտիվներով հնարավոր է եւ վիրտուալ տիրույթում գործնականում կատարվում են գնումներ, ապրանքների փոխանակման եւ նմանատիպ գործարքներ, ինչն էլ ֆինանսատնտեսական փոխհարաբերություններում թվային ֆինանսական ակտիվները դիրքավորում է որպես փոխանակման միջոց, այն է՝ փող, իսկ ավելի շուտ՝ որպես արժույթ, քանի որ դրա թողարկողը ՀՀ Կենտրոնական բանկը չի հանդիսանում: Ուստի, անհրաժեշտ է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի՝ որպես փոխանակման միջոցի եւ արժույթի հետ կապված իրավահարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, սույն Նախագիծը կարգավորում է թվային ֆինանսական ակտիվների ստեղծման, պահպանման եւ շրջանառության հետ կապված հարաբերությունների շատ փոքր մասը, ինչն էլ, խոշոր հաշվով, չի կարող էական դրական ազդեցություն ունենալ ՀՀ-ում կրիպտոարժույթների հետ կապված  հարաբերություների կանոնակարգման վրա եւ լրամշակման կարիք է զգում: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                     Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

26.07.2019թ.