ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-713-05.02.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Սույն օրենքը...սահմանում է կամավոր աշխատանքի ոլորտները,...», սակայն Նախագծում այդ ոլորտները որեւէ տեղ հիշատակված կամ սահմանված չեն, ինչն էլ առաջարկվում է լրացնել տվյալ Նախագծում:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կամավոր աշխատանքը կամավորների կողմից սույն օրենքով նախատեսված պետության, հասարակության, ոչ առեւտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, առանց վարձատրության աշխատանքն է:», սակայն պետության մասով այս դրույթը, կարծում ենք, խնդրահարույց է` առավել եւս, որ կամավոր աշխատանքի ոլորտները սույն Նախագծով չեն սահմանվում: Խնդիրը կայանում է նրանում, որ կամավոր աշխատանքի անհրաժեշտությունը ծագում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները կամ օրենքների պահանջներն ամբողջ ծավալով եւ ժամանակին կատարելու անհնարինության դեպքում` համապատասխան շահառուների հոգսը թեթեւացնելու նպատակով, ուստի պետությունը, որը սկզբունքորեն մարդկանց վճարովի աշխատանքի ներգրավելու խնդիր չունի, չի կարող «հավակնել» կամավոր աշխատանքի «սպառողի» դերին (այս մոտեցումը կիրառվում է նաեւ բազմաթիվ երկրներում), իսկ մյուս կողմից էլ` տվյալ մոտեցումը որոշակի չարաշահումների տեղիք կարող է տալ: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում հատուկ նշել, որ պետական ու տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիները եւ կազմակերպությունները չեն կարող օգտագործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր աշխատանքը:

4. Մեր կարծիքով, նպատակահարմար կլինի ընդլայնել Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված կամավոր աշխատանքի սկզբունքները, ինչը կնպաստի նաեւ այս կատեգորիայի աշխատանքի ոլորտների հնարավորինս ճիշտ ընտրությանը:

5. Նախագծի նպատակը, ինչպես նշված է դրա հիմնավորման մեջ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կամավոր աշխատանքի եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքի հետ կապված հարաբերությունների կանոնակարգումն ու կամավոր աշխատանքի իրավական հիմքերի սահմանումն է: Այս առումով, հաշվի առնելով նաեւ խնդրի կարգավորման արտասահմանյան փորձը, կարծում ենք, Նախագիծը լրամշակման կարիք ունի, մասնավորապես, դրանով այնպիսի հարցերի հստակեցման իմաստով, որոնցից են` կամավոր աշխատանքի նպատակն ու խնդիրները, ոլորտներն ու տեսակները, տվյալ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի եւ կամավորների պետական գրանցումն ու հաշվառումը, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, կամավոր աշխատանքն աշխատանքային ստաժ համարելը կամ չհամարելը եւ այլն:


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
 վարչության պետ`                                                               Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

24.02.2015թ.