ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  
 
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-780-11.05.2015-ՏՀ-010/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7801-11.05.2015-ՏՀ-010/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7802-11.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված է այն հանգամանքով, որ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդի նկատմամբ սահմանափակումները ներկայումս չեն կիրառվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ:

            Նշված նախագծի ընդունման արդյունքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ նույնպես կկիրառվեն այն բոլոր սահմանափակումները, որոնք ուղղված են սպառողների, մասնավորապես` անչափահասների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ, իսկ դրա ընդունման արդյունքում «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» կսահմանվի որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կարող են ապահովել դրված խնդիրների լուծումը: 
  
  
  
  
  
  
 ՀՀ Աժ աշխատակազմի                   
տնտեսագիտության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ                                                       Գ. Նազարյան                                              
 

        10.06.2015թ.