ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-790-18.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Մարգարյանի եւ Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված ««Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզի բոլոր համայնքներում եւ Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սահմանել հարկային արտոնություններ, որի արդյունքում, ըստ նախագծի հեղինակների, մարզում եւ Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ: Բացի այդ, նախատեսվում է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը սահմանել ազատ տնտեսական գոտի, որը. «...հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ նշված ոլորտում, եւ ամբողջ մարզում:»: 

Այս կապակցությամբ`

ա) անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել հարկային մի շարք օրենքներում, որոնց նախագծերը բացակայում են,

բ) ընդամենը հինգ տարի ժամկետով Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը ազատ տնտեսական գոտի սահմանելը (ընդ որում` այս նպատակի իրականացման համար Նախագծի 9-րդ հոդվածով ընդամենը գաղափարի ամրագրումն է կատարվում) ներդրումների ներգրավման առումով լուրջ երաշխիք չի կարող դիտարկվել:

3. Նախագիծը, կիրառվող հասկացությունների հստակեցման իմաստով, լրամշակման կարիք ունի, մասնավորապես` Նախագծի վերնագրից եւ տեքստի մի զգալի մասից անհրաժեշտ է հանել «եւ Գյումրի քաղաքում» բառերը (քանի որ Գյումրի քաղաքը, այսպես, թե այնպես, Շիրակի մարզի համայնքներից մեկն է), 2-րդ հոդվածի 2-րդ մասի սկզբից անհրաժեշտ է հանել «տնտեսական գործունեության շրջանակներում» բառերը (քանի որ արտադրության կազմակերպումը գործունեության որեւէ այլ տեսակի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել), անհրաժեշտ է հստակեցնել 3-րդ հոդվածի «2)-րդ» մասի «բ» կետի «օտարման գործարքներ» հասկացությունը (նման ձեւակերպմամբ արտադրանքի եւ նույնիսկ սեփական գույքի ցանկացած իրացում կարող է դիտվել որպես օտարման գործարք) եւ այլն:

4. Նախագծի 3-րդ հոդվածում`

4.1 «2)-րդ» մասով նախատեսվող արտոնություններն անհրաժեշտ է տարանջատել ըստ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ ըստ հարկերի ու պարտադիր վճարների տեսակների` կրկնություններից ու հակասությունների խուսափելու նպատակով:

4.2  «4)-րդ» մասը, մեր կարծիքով, ավելորդ է եւ անհրաժեշտ է այն հանել, քանի որ եթե մարզի կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի մոտ աշխատող վարձու աշխատողները չպետք է ազատվեն եկամտային հարկից եւ սոցիալական վճարից, ապա այդ կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, բնականաբար, չի կարելի ազատել հարկային գործակալի պարտավորություններից (ինչն էլ ամրագրված է այս մասում), իսկ որպես հարկային գործակալ նրանք կարող են հանդես գալ միայն վարձու աշխատողների մասով (այս դեպքում էլ ստացվում է, որ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են մի պարտավորությունից, որը նրանք չունեն):

5. Նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներից անհրաժեշտ է հանել «եւ եկամտահարկից» բառերը, քանի որ այդ հոդվածներում խոսքը գնում է բացառապես կազմակերպությունների մասին, որոնք եկամտահարկ (իսկ իրականում` եկամտային հարկ) վճարողներ չեն հանդիսանում: 

Բացի այդ, այս հոդվածներով սահմանվող արտոնությունների համար նախատեսվում են որոշակի պայմաններ, որոնց խախտման կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքի համար որեւէ պատասխանատվություն եւ հարկման ընդհանուր կարգին անցման դրույթներ չեն սահմանվում:

  



ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ`                                                                     Ա. Թամազյան 



02.06.2015թ.