ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-872-16.10.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Մարգարյանի եւ Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է Նախկին ԽՍՀՄ բանկերում ունեցած ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին`  անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ:

Ըստ Նախագծի հեղինակների. «Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիների մահվան դեպքում, այդ իրավունքը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) փոխանցելու հանգամանքով` անկախ նրանից, թե փոխհատուցման ցուցակում հաշվառված, բայց  մահացած ավանդատուի գումարը համապատասխան մարմին փոխանցվել է, թե ոչ: Կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ սահմանված ավանդների փոխհատուցման կարգի 29-րդ կետում ամրագրված է, որ. «եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)»: Փաստորեն ըստ վերոգրյալ սահմանման փոխհատուցման ցուցակում ներառված ավանդատուի մահվան դեպքում ժառանգը (ժառանգները) կարող են ստանալ փոխհատուցման գումարը միայն այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցվել է համապատասխան մարմին: Այսինքն, եթե նախատեսված փոխհատուցման գումարը տեխնիկական կամ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ուշ փոխանցվի փոստային ծառայությանը, ապա մահացած ավանդատուի ժառանգները կզրկվեն փոխհատուցում ստանալու իրավունքից:»:

Առաջին հայացքից ստացվում է այնպես, որ տվյալ (ՀՀ կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ սահմանված ավանդների փոխհատուցման կարգի 29-րդ կետի) դեպքում գործ ունենք սոցիալական անարդարության երեւույթի հետ, սակայն խնդիրը, մեր կարծիքով, անհրաժեշտ է դիտարկել N 460-Ն որոշմամբ սահմանված ամբողջ կարգի, մասնավորապես` այդ կարգի 19-րդ, 20-րդ եւ 22-րդ կետերի համատեքստում, ըստ որոնց`

«19. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած` սույն կարգի համաձայն տարածքային կենտրոնների ղեկավարների կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրությունը հաստատվելու օրվանից:

20. Հաշվի առնելով, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):

22. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:»:

Հետեւաբար, Նախագծով հետապնդվող խնդրի լուծման նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է հայեցակարգային փոփոխություններ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նշված մասերում, կամ գոնե` դրանցում ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու մասով սահմանել բացառություններ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի

տնտեսագիտական վարչության պետ`                                                        Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

26.10.2015թ.