ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-900-18.11.2015-??-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական կենսաթոշակների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

 1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է չորս եւ ավելի զավակներ ունեցող բազմազավակ մայրերի կենսաթոշակները որոշակիորեն ավելացնել հետեւյալ կարգով` չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերին նախատեսել ավելացում նախատեսված կենսաթոշակից  20%-ով ավելի, հինգ զավակներ ունեցող մայրերին` 40%-ով ավելի, իսկ վեց եւ ավելի զավակներ ունեցողներին` 60%-ով ավելի: Ֆինանասական նման աջակցությունը, բնականաբար, որոշակի կբարելավվի նշված կենսաթոշակառուների սոցիալական վիճակը, սակայն նման ֆինանսական աջակցությունը, մեր կարծիքով, չի կարող լրացուցիչ խթան հանիսանալ ծնելիության աճին (որով հիմնավորված է Նախագիծը) ելնելով հետեւյալից`

գ        2014թ. հունվարից գործում է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները,

գ        1990թ. մինչ օրս երրորդ եւ հաջորդ ծնունդներն արդեն իսկ բացարձակ ցուցանիշների կտրվածքի, նվազել են 4 եւ ավելի անգամ,

գ        համաձայն բժշկական հետազոտությունների, կանանց օրգանիզմը գենետիկորեն  ծրագրավորված է ծննդաբերել վերջին երեխային 35-ից 40 տարեկան հասակում, քանի որ 40 տարեկանից հետո նրանց վերարտադրողական ֆունկցիան սկսում է մարել եւ ծննդաբերության օպտիմալ տարիքն է համարվում  20-ից մինչեւ 35 տարին:

Վերը նշվածից, կարծում ենք, կարելի է եզրակացնել, որ տվյալ Նախագիծը չի կարող էական խթան հանդիսանալ ՀՀ-ում ծնելիության աճի համար, հետեւաբար` չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրը:  

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական                                                                                          վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ՝                            Ա.  Հարությունյան

01.12.2015թ.