ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-935-14.01.2016-ՏՏ-010/0), «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9351-14.01.2016-ՏՏ-010/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9352-14.01.2016-ՏՏ-010/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9353-14.01.2016-ՏՏ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9354-14.01.2016-ՏՏ-010/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9355-14.01.2016-ՏՏ-010/0) եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9351-14.01.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է Երեւան քաղաքի «Փոքր կետրոնի» եւ դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտու սահմաններում ընդրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարեւորություն ունեցող հատուկ եւ լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նախատեսվում է, որ այս տարածքում քաղաքաշինական գործունեությունն իրականացվելու է կառուցապատման կանոնակարգման առկա հիմնախնդիրներից բխող իրատեսական համալիր միջոցառումների կիրառման, այդ թվում` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման եւ հաստատման, քաղաքաշինական գործունեության ու կառավարման գործառույթների, հասարակության մասնակցության եւ այլ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ եւ հատուկ պայմանների ու նորմերի սահմանման միջոցով:

Ընդհանուր առմամբ Նախագծերի սույն փաթեթը, մեր կարծիքով, որոշակի լրամշակման կարիք է զգում` կապված ոչ միայն դրանում տեղ գտած առանձին թերությունների շտկման, այլեւ ընդհանուր առմամբ «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տեքստի կոնկրետացման, դրան իմպերատիվ-հրամայական ոճ հաղորդելու տեսանկյունից: 

1. Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է ավելացնել եւ տալ «Փոքր կենտրոն» հասկացության սահմանումը, քանի որ դա նոր հասկացություն է, իսկ Նախագծի պրեամբուլայում տրված մեկնաբանությունը բավականին լիրիկական բնույթ ունի:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) 1-ին կետով, որպես տվյալ օրենքի իրավական կարգավորման հիմնական նպատակ, սահմանվում է «պատմականորեն ձեւավորված ճարտարապետական-գեղագիտական կերպարի ուրույն հատկանիշների պահպանում»-ը, սակայն այդ կերպարի զգալի մասն արդեն իսկ խեղաթյուրված է, իսկ սույն Նախագիծն էլ հետադարձ ուժ չի ունենալու: Այսինքն, ստացվում է, որ տվյալ օրենքն արդեն իսկ իր նպատակին չի հասնի, ուստի առաջարկում ենք խմբագրել տվյալ կետը,

բ) 3-րդ կետով, նորից որպես հիմնական նպատակ, սահմանվում է «Փոքր կենտրոնի «բեռնաթափումը», կառուցապատման խտության կարգավորումը, այդ թվում` տնտեսական լծակների կիրառման միջոցով.», ինչը, տնտեսական լծակների կիրառման մասով, կարծում ենք, արդարացված չի կարող լինել, քանի որ Նախագծով նախատեսվող գործընթացների եւ իրավակարգավորումների բնույթից ելնելով` ակնհայտ է, որ տնտեսական լծակների միջոցով կառուցապատման խտության կամ այլ չափանիշների կարգավորումն արհեստականորեն մեծացնելու է կառուցապատման արժեքը, իսկ քաղաքաշինական նման նախագծերի իրականացման առումով` ընդհակառակը, անհրաժեշտ է հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրումների իրականացման համար: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծից հանել այն դրույթները, որոնք արհեստականորեն կթանկացնեն փոքր կենտրոնում իրականացվող կառուցապատման աշխատանքները: Մյուս կողմից էլ` Նախագծից անհայտ է մնում` թե ինչպե՞ս կամ ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացվի փոքր կենտրոնի «բեռնաթափում»-ը, եթե դրա մասին դրույթներ սահմանված չեն, իսկ Նախագիծն էլ հետադարձ ուժ չի ունենալու:   

3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են համարվելու «հատկապես բարձր քաղաքաշինական արժեք ունեցող տարածքները»:

4. Նախագծի 4-րդ գլխով նախատեսվում է իրավական հիմքեր ապահովել «փոքր կենտրոնում» իրականացվող քաղաքաշինական ծրագրերի «մշակմանն ու իրագործմանը» հասարակության մասնակցության ապահովման նպատակով, ինչը, սակայն, բավականին թերի է մնացել, քանի որ առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում «փոքր կենտրոնում» իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մշակման ու իրագործման գործընթացներին հասարակության մասնակցությունը սահմանափակվում է բացառապես համապատասխան ծրագրերի մասին իրազեկված լինելու եւ առաջարկություններ ներկայացնելու մասով, իսկ առաջարկություններն էլ, ըստ Նախագծի, հաշվի կարող են առնվել միայն այն դեպքում, եթե դրանք չհակասեն քաղաքաշինական օրենսդրությանը եւ այն բազմաթիվ փաստաթղթերին, սահմանափակումներին ու նորմատիվներին, որոնցով կանոնակարգվելու է քաղաքաշինական գործունեությունը, եւ որոնց մասին շարքային քաղաքացիները, ըստ էության, պատկերացումներ չեն կարող ունենալ: Այսինքն, ստացվում է, որ առաջարկվող մասնակցությունը, ինչը սկզբունքորեն շատ կարեւոր եւ լավ գաղափար է, ըստ էության, կունենա ձեւական բնույթ եւ ընդունվող որոշումների վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Այս կապակցությամբ, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, առաջարկում ենք քննարկել «փոքր կենտրոնում» իրականացման ենթակա քաղաքաշինական ծրագրերի ընդունման հարցում տեղական հանրաքվեի ինստիտուտի կիրառման հարցը:

5. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Եթե մրցույթի պայմաններով այլ բան նախատեսված չէ, ապա մրցույթում հաղթող ճանաչված անձը ձեռք է բերում նախագծային փաստաթղթերի հետագա մշակման  իրավունք:», ինչը խիստ հակասական դրույթ է: Այսինքն, ստացվում է, որ մրցույթում հաղթող ճանաչված անձը կարող է նաեւ նախագծային փաստաթղթերի հետագա մշակման  իրավունք ձեռք չբերել (իսկ այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու՞ է կազմակերպվել տվյալ մրցույթը), իսկ մյուս կողմից էլ` մրցույթի պայմանները սահմանող իրավական ակտին մեխանիկորեն տրվում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթղթի «կարգավիճակ», քան օրենքն է, ինչնէլ ընդունելի լինել չի կարող (նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ մասում):

6. Մեր կարծիքով, անհրաժեշտ է վերաիմաստավորել եւ վերախմբագրել Նախագծի 6-րդ գլխի այն դրույթները, որոնք վերաբերում են «փոքր կենտրոնում» իրականացվող շինարարական աշխատանքների ապահովագրությանը: Մասնավորապես, Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Փոքր կենտրոնում» իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգման համաձայն.  «բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքներից բխող ռիսկերը պարտադիր կարգով ենթակա են ապահովագրության (այսուհետ` շինարարական աշխատանքների ապահովագրություն)` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ շինարարական աշխատանքների ապահովագրությունը չի կարող լինել պարտադիր ապահովագրության օբյեկտ, իսկ եթե նույնիսկ դա սահմանվի, ապա անհրաժեշտ կլինի մշակել եւ ընդունել առանձին օրենք: Այլ հարց է, եթե շինարարական աշխատանքներից բխող ռիսկերի ապահովագրությունը սահմանվի որպես դրանց իրականացման պարտադիր պայման (այլ ոչ թե պարտադիր ապահովագրության տեսակ), որի տեսանկյունից էլ առաջարկում ենք վերաշարադրել Նախագծի 6-րդ գլխի դրույթները:

7. Անհրաժեշտ է «բացել» եւ հստակեցնել Նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասը. ըստ որի. ««Փոքր կենտրոնում» իրականացված շինարարության երաշխիքային ժամկետը սահմանվում է երեք տարի:»: Այս դրույթից անհայտ է մնում, թե խոսքը ինչի՞ մասին է` շինարարության իրականացման երաշխիքային ժամկետի, թե՞ կառուցված շենքերի հուսալիության կամ որեւէ այլ հատկանիշի մասին (ամեն դեպքում երեք տարվա երաշխիքային ժամկետը կառուցապատման բնագավառում բավականին վիճահարույց կարող է լինել):

  

ՀՀ ԱԺ աշխատակազմի 
 տնտեսագիտական վարչության պետ`                     Ա. ԹԱՄԱԶՅԱՆ    
  
 

02.02.2016թ.