ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-969-25.03.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է օրենդրական կարգավորում տալ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտին, որը ներկայումս կարգավորված չէ: Սակայն, մշակվածության տեսանկյունից առաջադրված նախագիծը խիստ թերի է, քանի որ`

ա) նախագծի ընդունումից բխում է մի շարք օրենքերում փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտություն (այսինքն` տվյալ նախագիծն անհրաժեշտ էր ներկայացնել օրենքների նախագծերի փաթեթի տեսքով), սակայն համապատասխան օրինագծերը մշակված եւ ներկայացված չեն,

բ) նախագծով սահմանվում են մի շարք նոր պարտականություններ եւ պահանջներ (հոդվածներ` 6, 9, 11, 14, 16 եւ այլն), որոնց չկատարման կամ չպահպանման համար պատասխանատվության տեսակներ եւ միջոցներ չեն սահմանվում,

գ) նախագծի 16-րդ հոդվածով պետական մարմինների եւ համայնքների վրա դրվում են այնպիսի պարտականություններ, որոնք պահանջում են ֆինանսական ներդրումների իրականացում, այն դեպքում, երբ ընթացիկ տարվա բյուջեներով այդ նպատակների համար ֆինանսավորումներ նախատեսված չեն,

դ) օգտագործվում են մի շարք նոր հասկացություններ, որոնց սահմանումները նախագծով տրված չեն,

ե) նախագծում առկա են խմբագրական եւ տեխնիկական բնույթի մի շարք թերություններ:

Ընդհանուր առմամբ սույն նախագիծը չունի մշակվածության պատշաճ մակարդակ եւ չի կարող ապահովել դրանով հետապնդվող խնդիրների մեծ մասի լուծումը:


ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                                Ա. ԳԱԼՍՏՅԱՆ


20.04.2016թ.