ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1004-10.05.2016-ՖՎ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10041-10.05.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, մարդու իրավունքների իրացման համար արդյունավետ երաշխիք ստեղծելու եւ գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, տվյալ փաթեթով առաջարկվում է վերացնել աուդիտորների կրթությանը, մասնագիտությանը եւ փորձին վերաբերող պահանջները` աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար եւ պահպանել դրանք միայն վկայական ստանալու համար: Սպառիչ թվարկել, թե աուդիտորների համար որոնք են համարվում մասնագիտական աշխատանք: Աուդիտ իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացում առաջարկվում է վերացնել ընկերության տնօրենին ներկայացվող պահանջները եւ սպառիչ թվարկել լիցենզիա տալը մերժելու հիմքերը, կանոնակարգել մասնագիտացված կառույցի հավատարմագրման գործընթացը, վերասկողությունը եւ պատասխանատվությունը օրենքը խախտելու համար, լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն լիցենզիայի պահանջները խախտվելու, այլ նաեւ փոփոխվելու դեպքում, ինչպես նաեւ վերացնել ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը չի կարող զբաղվել աուդիտորական գործունեությամբ եւ, հետեւաբար, լիցենզիա ստանալ:

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ դրական ազդեցություն կարող է ունենալ աուդիտորոկան գործունեության կարգավորման հարաբերությունների վրա: 
  
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության բաժնի 

գլխավոր մասնագետ`                                                                                Գ. ՍԱՖԱՐՅԱՆ

07.06.2016թ.