ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1005-10.05.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագիծն իրենից ներկայացնում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի տեքստը` այն տարբերությամբ, որ «Երեւան քաղաք» բառակապակցությունը փոխարինված է «քաղաքային համայնք» բառակապակցությամբ (որի տակ նկատի է ունեցվում Գյումրի եւ Վանաձոր քաղաքները) եւ ավագանու գործունեության ժամկետը, ի տարբերություն Երեւանի ավագանու, սահմանվում է հինգ տարի: Մնացած ամբողջ տեքստը տառացիորեն կրկնում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը (նույնական են նույնիսկ փոփոխությունների եւ լրացումների կատարման հետեւանքով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած պրիմ հոդվածների եւ մասերի համարակալումները): Տվյալ մոտեցումը, ըստ Նախագծի հեղինակի. «պայմանավորված է  Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման, եւ տարածքային կառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկություններ սահմանելու հանգամանքով: Նկատի ունենալով, որ քննարկվող ընտրական օրենսգրքով առաջարկվում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանցած կարգով, ուստի անհրաժեշտ  է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ ձեւավորման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով:»: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ 2015 թվականի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների» 9-րդ` «Տեղական ինքնակառավարումը» գլուխը օրենքով տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների սահմանման հնարավորություն տալիս է միայն Երեւան քաղաքի մասով, ուստի այս առումով տվյալ Նախագիծը համահունչ չէ «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին», իսկ մանրամասն փորձաքննության իրականացումն էլ (հաշվի առնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի մշակվածության պատշաճ մակարդակը), ըստ էության, դառնում է անիմաստ:     

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի   

առաջատար մասնագետ`                                                     Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

06.06.2016թ.