ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1011-18.05.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Է. Վարդանյանի, Ս. Մարգարյանի եւ Վ. Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Համաձայն Նախագծի. «...մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության, ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել երկու նկատառում:

ա) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով զինծառայողներին հավասարեցված անձինք են համարվում նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, այդ թվում? երկրապահ կամավորականները»: Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծով սահմանվող «մարտական գործողությունների մասնակից զինծառայողներ» հասկացությունը համապատասխանեցնել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքով զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց մասով տրված սահմանմանը: Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է արտոնությունը տրամադրել 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զինծառայության մեջ գտնվող` մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին, ինչը, կարծում ենք, արդարացի մոտեցում չի կարող հանդիսանալ նշված ժամկետից հետո զինծառայության անցնող ու մարտական գործողությունների մասնակցող անձանց նկատմամբ:

բ) Ընդհանուր առմամբ, ապահովագրությունը ենթադրում է ապահովագրական վճարների իրականացում` ապահովագրական պատահարի առաջացման դեպքում ապահովագրական հատուցում ստանալու համար: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածում սահմանվում է, որ մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են «պարտադիր պետական սոցիալական ապահովագրության, ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով», առանց նշելու, թե ո՞ր դեպքերում է տրվելու հատուցում: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման. «անհրաժեշտ է միջոցներ տրամադրել զինծառայողներին? իրենց առողջությունը վերականգնելու, հանգիստը կազմակերպելու (առողջարան-վերականգնողական կենտրոններ այցելելու), ինչպես նաեւ սոցիալական փաթեթի ծառայությունների այլ բաղադրիչներից օգտվելու համար»: Մեր կարծիքով, նշվածերը ոչ թե սոցիալական ապահովագրության, այլ սոցիալական ապահովության խնդիրներ են, ինչը ենթադրում է այդ ուղղությամբ Նախագծում որոշակի հստակեցումների իրականացում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                                                                   Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ?                                                                    Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ

15.06.2016թ.