ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության օդային օրենսգիրք» (փաստաթղթային կոդ՝ Պ-1027-14.06.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

 ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բագրատյանի եւ Խ. Քոքոբելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության օդային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

  
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծում առկա են մի շարք հասկացություններ, որոնց սահմանումները Նախագծով տրված չեն: Այս առումով, պահպանված չէ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդված 1-ին մասի պահանջը, համաձայն որի «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

3. Նախագծում առկա են բազմաթիվ խմբագրական, լեզվաոճական բնույթի թերությունները, պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի եւ իրավական տեխնիկայի մի շարք պահանջներ: Այս առումով, փաստաթուղթն ամբողջությամբ լրամշակման եւ նշված պահանջներին համապատասխանեցման կարիք ունի: 

4. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ «Վարչության պետը ունի ավիացիայի ոլորտում համապատասխան որակավորում եւ չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, ինչպես նաեւ չի կարող ունենալ ուղղակի եւ անուղղակի ֆինանսական հետաքրքրություն ավիացիայի հետ կապված որեւէ այլ գործունեությանը առնչվող հարցերում»: Այս առումով, նախ եւ առաջ, անհրաժեշտ է հստակեցնել «ավիացիայի ոլորտում համապատասխան որակավորում» հասկացությունը, քանի որ այն զգալիորեն մեկնաբանելի է եւ ընդհանուր: Բացի այդ, «ուղղակի եւ անուղղակի ֆինանսական հետաքրքրություն» արտահայտությունը եւս բազմիմաստ մեկնաբանությունների տեղիք է տալիս, եւ այն` որպես Վարչության պետին ներկայացվող պահանջ ամրագրելը, մեր կարծիքով, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուղղակի կամ անուղղակի, կարող է «ֆինանսական հետաքրքրություն» ունենալ ավիացիայի հետ կապված գործունեությանն առնչվող հարցերում, հաշվի առնելով տվյալ ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «Վարչությունը ֆինանսավորվում է Վարչության գործառույթների հետ կապված վարչական եւ այլ գործունեության համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ թռիչքային անվտանգության համար մշտական հսկողություն իրականացնելու համար Վարչության կողմից գանձվող տուրքերից: Նշված միջոցները ՀՀ պետական բյուջեում հաշվառվում են Կառավարության կողմից սահմանված կարգով:.... Վարչությունը սահմանված կարգով որոշում է նման տուրքերի չափերը»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»: Հետեւաբար, Նախագծով (կամ մեկ այլ օրենքով) պետք է սահմանվեն ոչ միայն նշված տուրքերի տեսակները, այլ նաեւ չափերը: Ի դեպ, նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածում, որի 2-րդ մասով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի հատուկ լիազորված մարմինը ֆինանսավորվում է իրավաբական եւ ֆիզիկական անձանցից գանձվող վճարներից, որոնց քանակը եւ գումարը որոշում է հատուկ լիազորված մարմինը: 

Ընդհանուր առմամբ Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք է զգում եւ ներկայացված տեսքով չի կարող ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                             Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   


29.06.2016թ.