ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Արտադպրոցական կրթության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1058-19.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծ? վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագ??? համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի ընդունմամբ, ըստ դրա հեղինակների, կսահմանվեն արտադպրոցական կրթության նկատմամբ պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության իրավական հիմքերը: Կսահմանվեն նաեւ արտադպրոցական ուսումնական հաստատություններում կրթա-դաստիարակչական գործընթացի հիմնական ուղղությունները, բովանդակությունը  եւ ձեւերը, կամրագրվի  արտադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությանը: Կստեղծվեն պայմաններ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, սաների, սովորողների եւ ունկնդիրների սոցիալական պաշտպանության համար:

 Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3. Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում խոսվում է «արտադպրոցական կրթության» մասին, որն օրենսդրական կարգավորման տեսանկյունից նոր երեւույթ է ՀՀ կրթության ոլորտի համար: Այսպես. կրթության ոլորտի համար հիմնարար (բազային) հանդիսացող` «Կրթության մասին» ՀՀ օրենքի միայն երկու հոդվածներում խոսք է գնում ոչ թե «արտադպրոցական կրթության», այլ «արտադպրոցական դաստիարակության» մասին: Մասնավորապես, այդ օրենքի`

գ      13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտադպրոցական դաստիարակությունը հանդիսանում է լրացուցիչ կրթության բաղկացուցիչ մասերից մեկը (այսինքն` այն չի հանդիսանում ուսումնական հաստատության առանձին տիպ),

գ      իսկ 20-րդ հոդվածի համաձայն էլ. 

«1. Արտադպրոցական դաuտիարակության նպատակը uովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ uտեղծելն է, եւ նպատակաուղղված է նրանց հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենաuիրական դաuտիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

2. Արտադպրոցական դաuտիարակությունն իրականացվում է մանկապատանեկան uտեղծագործական եւ գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական եւ արվեuտի դպրոցների, ակումբների, պատանի հայրենաuերների, տեխնիկների, բնաuերների եւ տուրիuտական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների եւ արտադպրոցական դաuտիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:»:

Նախագծով առաջարկվում է ներմուծել ուսումնական հաստատության նոր տիպ` «արտադպրոցական կրթություն», ինչը չի թղթակցվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 20-րդ հոդվածների հետ, ուստի անհրաժեշտություն է առաջանում կամ վերաշարադրել Նախագիծը` որպես արտադպրոցական դաստիարակության օրենսդրական կարգավորման մանրամասնեցման փորձ, կամ էլ Նախագծին զուգահեռ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում (չնայած, ամեն դեպքում, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն առաջանում է` կապված կիրառվող հասկացությունների միասնականության ապահովման խնդրի լուծման անհրաժեշտության հետ):

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «Արտադպրոցական կրթության մասին» բառերը, իսկ ամբողջ հոդվածը վերաիմաստավորման կարիք է զգում, քանի որ տվյալ օրենքի խնդիրների նման մանրամասն ներկայացումը ոչ միայն իրավական ծանրաբեռնվածություն չի կրում, այլեւ տարբեր կրկնությունների տեղիք է տալիս. օրինակ` 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանվող խնդիրները նույն բովանդակությունն ունեն, 4-րդ կետով սահմանված խնդիրն այնքան լայն է ու ընդգրկուն, որ դրա մեջ մեխանիկորեն ներռված են նաեւ 6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված խնդիրները, 7-րդ եւ 9-րդ կետերով սահմանված խնդիրները, ըստ էության, չեն կարող հանդիսանալ տվյալ օրենքի խնդիրներ, որովհետեւ դրանցով ենթադրվող հարաբերությունները կարգավորվում են համապատասխան ոլորտների տարբեր օրենքներով եւ այլն:

5. Նախագծի 6-րդ հոդվածը, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ այն մի կողմից անհարկի հղում է պարունակում (այսպես թե այնպես` ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է, թեեւ օրենքով սահմանված դեպքերում թույլատրվում է նաեւ օտար լեզուներով կրթության իրականացում), իսկ մյուս կողմից էլ` արտադպրոցական կրթության շրջանակներում, ըստ Նախագծի տրամաբանության, կարող են գործել նաեւ օտար լեզուների ուսումնասիրության կամ խորացման խմբակներ, դասընթացներ եւ այլն:

6. Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով սահմանվող` արտադպրոցական կրթության հիմնական խնդիրները: Մասնավորապես`

ա) այս հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանվող խնդիրները բովանդակային առումով կարող են հակասություններ առաջացնել, քանի որ «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտումը» ենթադրում է որոշակի ուղղվածության դաստիարակություն (թեեւ անհայտ է մնում, թե ո՞րն է այդ ցանկալի դիմանկարը), իսկ անձի ազատ զարգացումը նշանակում է որեւէ ուղղորդման բացառում,

բ) 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսվող խնդիրները (Սահմանադրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքի, սեփական արժանիքների, իր գործողությունների համար օրենքի նկատմամբ պատասխանատվության զգացմունքի  դաստիարակումը, հայրենասիրության, հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ ազգերի եւ ժողովուրդների ազգային արժեքների, ժողովրդական սովորույթների նկատմամբ հարգանքի դաստիարակումը, կամ ընտանիքի եւ տարեց մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակումը) հանրակրթության բաղկացուցիչներ են հանդիսանում եւ դժվար է պատկերացնել, որ կլինեն նշված ուղղություններով խմբակներ, իսկ արտադպրոցական կրթության սահմանափակ ժամաքանակն էլ թույլ կտա լրջորեն զբաղվել նման խնդիրներով,

գ) ըստ էության մեկնաբանության կամ պարզաբանման անհրաժեշտություն է զգում 15-րդ կետով սահմանված խնդիրը` «տեղեկատվական-մեթոդական եւ կազմակերպչական զանգվածային-աշխատանքների իրականացումը» եւ այլն: 

7. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում եւ հետագա տեքստում օգտագործվում է «ձեռնարկություն» բառը` որպես կազմակերպական-իրավական տեսակ, ինչը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ եւ անհրաժեշտ է Նախագծի ամբողջ տեսքտից հանել այդ բառը:

8. Նախագծի 2-րդ գլուխն ամբողջությամբ վերաիմաստավորման եւ վերաշարադրման կարիք զգում, քանի որ`

ա) դրանով պետական ու տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման բոլոր հնարավոր մարմինները, առանց կոնկրետացման, «լիազորվում են» արտադպրոցական կրթություն կազմակերպելու, վերահսկելու, ֆինանսավորելու եւ այլ գործողություններ կատարելու համար,

բ) այդ լիազորությունները տվյալ մարմինների գործունությունը կանոնակարգող օրենքներում սահմանված չեն, ուստի անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել մի շարք օրենքներում («Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ այլն), ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառը կանոնակարգող` ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրում (այսինքն` այս տրամաբանությամբ տվյալ Նախագիծը պետք է ներկայացվեր նախագծերի փաթեթի տեսքով),

գ) 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է «արտադպրոցական ուսումնական հաստատության պետական ատեստավորում» (այն դեպքում, երբ ատեստավորվում են ոչ թե հաստատությունները, այլ որոշակի կատեգորիայի աշխատակիցները կամ մասնագետները), այդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել «ոչ պակաս, քան մեկ անգամ 5 տարվա ընթացքում», ինը նշանակում է, որ ատեստավորումը կարող է իրականացվել յուրաքանչյուր տարի (պետք է գրվեր «առնվազն հինգ տարին մեկ անգամ»), սահմանվում է, որ. «…արտահերթ պետական ատեստավորումը, որպես բացառություն, կարող է անցկացվել միայն ոլորտի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կամ պետական կառավարման այլ մարմինների որոշմամբ, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները:», ինչը նշանակում է, որ պետական բոլոր մարմիններն էլ կարող են արտահերթ ատեստավորում իրականացնել, այն էլ ցանկացած պատճառով, քանի որ արտահերթ ատեստավորման հիմքեր սահմանված չեն,

դ) 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետը հակասում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին, քանի որ պետական հաստատությունների ֆինանսավորման ծավալները հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով` ՀՀ Ազգային ժողովի, այլ ոչ թե լիազորված մարմինների կողմից,

ե)  11-րդ հոդվածի 1-ին մասը (ըստ որի. «Պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է:») հակասում է «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին (մասնավորապես` դրա 3-րդ հոդվածին), որով հստակ սահմանված են, թե որ հաստատությունները կարող են «հիմնարկ» կոչվել, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունենալն էլ որեւէ կոնկրետություն չի մտցնում արտադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակի հարցում,

զ) 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում են այն մարմիններն ու աձինք, որոնք իրավունք ունեն ստեղծել արտադպրոցական ուսումնական հաստատություններ: Ըստ այդ մասի շարադրանքի ստացվում է, որ նման հաստատություն կարող է ստեղծել ցանկացած ոք, բացի տարածքային կառավարման մարմիններից (այն դեպքում, երբ Նախագծի ամբողջ տեքստում մարզպետարանները, որոնց ենթակայության տակ են գտնվում հանրակրթական դպրոցները, ոչ մի դեպքում չի տարբերակվում մյուս մարմիններից) եւ այլն:

9. Նախագծի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ գլուխները, մեր կարծիքով, ավելորդ են, քանի որ դրանցով փորձ է արվում առավելագույն մանրամասնությամբ կանոնակարգել արտադպրոցական ուսումնական հաստատությունների ներքին կյանքը, դրանց կազմակերպական բոլոր հարցերը, այն դեպքում, երբ Նախագծի նախորդ հոդվածներում սահմանվում է, որ այդ հաստատություններն ինքնուրույն են որոշում իրենց ներքին փոխհարաբերությունները` իրենց կանոնադրություններին համապատասխան, ունեն ինքնավարություն եւ այլն (այսինքն` նշված երեք գլուխների դրույթներն օրենքի կարգավորման առարկա չպետք է հանդիսանային):

9. Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի բազմաթիվ թերություններ, իսկ վերը նշվածի հետ միասին կարելի փաստել, որ տվյալ Նախագիծը չի կարող լուծե դրանով հետապնդող խնդիրները եւ արմատապես վերանայման կարիք է զգում: 
  
  
 

 ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության պետ`                                                             Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
  30.09.2016թ.