ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1059-19.09.2016-ՍՀ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային  ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն լուծել Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձանց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների խնդիրը: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ նշված վթարից այնքան ժամանակ է անցել, որ կոնկրետ այդ վթարի հետեւանքով տուժած անձանց համար օրենքի ընդունումը, կարծում ենք, էական խնդիրներ չի կարող լուծել, իսկ առաջարկվող արտոնությունների եւ փոխհատուցումների գումարների հատկացումն էլ անհրաժեշտ է դիտարկել առաջիկա տարվա պետական բյուջեի հնարավորությունների համատեքստում:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն առաջարկում ենք միավորել` համապատասխան կերպով փոխելով դրանցում նշված տարեթվերը:

4. Նախագծի հոդված 5-ի 1-ին մասից առաջարկում ենք հանել «առաջին գլխի» բառերը: 2-րդ մասում նշված անձինք ներառված չեն հոդված 3-ով սահմանված քաղաքացիների այն խմբերում, որոնց վրա տարածվում են Նախագծի դրույթները: Այս առումով, առաջարկում ենք համապատասխան լրացում կատարել հոդված 3-ում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության բաժնի վարիչ`            Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ      
                                                                          

30.09.2016թ.