ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1060-19.09.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի  վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագիծն, ըստ դրա հեղինակների, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգի հետագա կատարելագործմանը եւ գործող՝ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ հաշմանդամության հիմնախնդիրներին առնչվող 50-ից ավելի այլ իրավական ակտերում արձանագրված թերությունների վերացմանը: Նախագծում ըստ էության կանոնակարգված են 2 հիմնական հարց՝ 1) հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրի ընդունումը եւ 2) հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծումը:

 Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծով հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում նախատեսվում է ներդնել համալիր եւ տարեկան ծրագրերի ընդունման եւ կատարման մեխանիզմներ, ինչն, ըստ էության, արդեն իսկ հնացած եւ ՀՀ օրինաստեղծ պրակտիկայում չկիրառվող ինստիտուտ է, քանի որ ներկայումս ավարտին հասցվող ծրագրային բյուջետավորմանն անցման պետական քաղաքականությունը լուծում է ընդհանրապես բոլոր բնագավառների ծրագրային հիմքերի եւ դրանց ֆինանսավորման միասնական համակարգի ձեւավորման խնդիրը: Ուստի, առաջարկում ենք տվյալ Նախագիծը քննարկել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման համատեքստում:   

2. Նախագծով նախատեսվում է նաեւ ստեղծել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով», որը պետք է լինի անկախ մարմին եւ ֆինանսավորվի գլխավորապես պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ`

ա) օրեքն ուժի մեջ մտցնելու դրույթն անհրաժեշտ է համահունչ դարձնել առաջիկա որեւէ ֆինանսական տարվա սկզբի հետ, քանի որ նման հանձնաժողովի ստեղծումը պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ եւ պետք է նախատեսված լինի առաջիկա տարիների պետական բյուջեների նախագծերում,

բ) նման հանձնաժողովների ստեղծումը, կարծում ենք, բավականին խնդրահարույց մոտեցում է, քանի որ այն նախադեպ է ստեղծում նաեւ այլ, օրինակ` գիտության ու կրթության, սպորտի եւ այլ բնագավառներում եւս այդպիսի «վերահսկողական» մարմիններ ստեղծելու առումով, իսկ մյուս կողմից էլ` առաջարկվող հանձնաժողովին վերապահվող լիազորությունները ներկայումս «տարալուծված» են տարբեր նախարարությունների եւ պետական կառավարման այլ մարմինների միջեւ, ուստի այդպիսի հանձնաժողովի ստեղծումը կհանգեցների պետական կառավարման եւ վերահսկողության գործառույթների կրկնության: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

առաջատար մասնագետ                             Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

30.09.2016թ.