ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն Զոհրաբյանի, Վ. Էնֆիաջյանի, Լ. Խաչատրյանի եւ Վ. Կարապետյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի պետության կողմից սուբսիդավորում` սահմանված պայմաններով եւ չափերով: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1 Ընդհանուր առմամբ Նախագիծը հստակեցման եւ կոնկրետացման կարիք ունի, քանի որ դրանից անորոշ է մնում, թե սույն օրենքով պարտադրվու՞մ է բանկերին` տրամադրել առավելագույնը 14 տոկոսով, մինչեւ երկու տարի մարման ժամկետով, առնվազն վեց ամիս արտոնյալ ժամկետով եւ արտոնյալ սահմանաչափով գյուղատնտեսական վարկեր (ինչը, բնականաբար, չի կարող տեղի ունենալ, քանի որ վարկավորման պայմանների սահմանումը բացառապես առեւտրային բանկերի իրավունքն է` ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նորմատիվների շրջանակներում), թե՞ գործադիր իշխանությանը պարտադրվում է սուբսիդավորել սույն Նախագծի պայմաններին համապատասխան տրված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:

2.2 Հստակեցման կարիք ունի նաեւ Նախագծի 2-րդ հոդվածը, ըստ որի. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծավալը սահմանվում է 8 տոկոս:», որից էլ անհայտ է մնում, թե խոսքը տրամադրվող վարկերի՞ 8 տոկոսի մասին է, թե՞ այդ վարկերի տոկոսադրույքների 8 տոկոսի մասին: 

2.3 Համաձայն Նախագծի 3-րդ hոդվածի, «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սկսած 2017 թվականից յուրաքանչյուր հաջորդ տարվա հատկացումները գերազանցում են նախորդ տարվա նույն հոդվածով հատկացված չափը առնվազն 10 տոկոսով:» Այսինքն, համաձայն Նախագծի, սուբսիդավորումը նախատեսվում է իրականացնել կառավարության պահուստային ֆոնդից: Մինչդեռ, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, «Պետական բյուջեում նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման աղբյուրն է»: Այսինքն, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը չի կարող իրականացվել պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, քանի որ վերջինս նախատեսված ծախսերի  լրացուցիչ ֆինանսավորման, չկանխատեսված ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում:

2.4 Նախագծով առաջարկվող դրույթները ենթադրում են բյուջետային ծախսերի իրականացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2017 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն իսկ պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում Ազգային ժողովում, անհրաժեշտություն է առաջանում կամ բյուջեի նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ, կամ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել:

Ամփոփելով վերը շարադրվածը, կարելի է եզրակացնել, որ ներկայացված տեսքով Նախագիծը չի կարող գործնականում ապահովել դրանով հետապնդվող նպատակների իրականացումը:

 ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                           Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

06.10.2016թ.