ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1075-29.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զ. Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է հնարավորինս ազատականացնել հեռուստատեսության ոլորտում մասնավոր (այդ թվում` տեղական փոքր) մուլտիպլեքսորների լիցենզավորման գործընթացը եւ վերացնել մի շարք պարտադիր պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն մասնավոր մուլտիպլեքսորները` տվյալ ոլորտում մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների բացառման նպատակով: Այս նպատակով, մասնավորապես, առաջարկվում է`

- թույլատրել մասնավոր մուլտիպլեքսորին` մուլտիպլեքսն իրականացնել ոչ միայն սեփական, այլեւ վարձակալած էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքն էլ որոշում է ինքը՝ այդ մասին նշելով Ազգային հանձնաժողով ներկայացվող հայտում (ընդ որում` սահմանվում է, որ սփռման տարածքը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ, կամ ամբողջ երկիրը),

- ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի այն դրույթը, ըստ որի. «Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը»,

- ամրագրել, որ օրենքով սահմանված լիցենզավորման կարգերը մինչեւ 2020 թվականը չեն տարածվում անալոգային հեռարձակման լիցենզիայով գործող հեռուստառադիոընկերությունների վրա եւ այլն:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ տնտեսավարման ցանկացած ոլորտում ազատ տնտեսական մրցակցության համար բարենպաստ պայմանների ապահովումը շատ կարեւոր է այդ ոլորտներում մատչելի եւ որակյալ ապրանքներ (ծառայություններ) իրացնելու տեսանկյունից, սակայն, մեր կարծիքով, գործող օրենքի համապատասխան հոդվածներում ամրագրված այն պայմանները, որոնք Նախագծի հեղինակն առաջարկում  է վերացնել, օրենքում տեղ են գտել հանրապետության ամբողջ տարածքում եւ միաժամանակյա թվային հեռուստահեռարձակում ապահովելու նպատակով, ուստի այդ պայմանների վերացումը կարող է վտանգել նշված նպատակի իրացումը, իսկ մյուս կողմից էլ` նշված պայմանների վերացումը դեռեւս երաշխիք չի կարող ապահովել, որ այս ոլորտում տեղի չեն ունենա հակամրցակցային համաձայնություններ կամ գերիշխող դիրքի ի հայտ գալու դեպքեր (մասնավոր փոքր մուլտիպլեքսորները, լիցենզավորումից հետո կարող են նաեւ միավորվել, միաձուլվել եւ այլն` ստեղծելով մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ): Ուստի, մեր կարծիքով, տվյալ Նախագծի ընդունման դեպքում այն կարող է չապահովել դրված նպատակի իրականացումը` միաժամանակ վտանգելով գործող օրենքով հետապնդվող խնդրի լուծումը, այն է` ՀՀ ամբողջ տարածքում միաժամանակյա թվային հեռուստահեռարձակման ապահովումը:     

  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

12.10.2016թ.