ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1102-19.10.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
  
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, որոնք պաշտոնավարել են մեկից ավելի պետություններում, պետք է օգտվեն նույն կենսաթոշակային ապահովությունից եւ սոցիալական այլ երաշխիքներից, որոնցից օգտվում են մեկ պետությունում առնվազն 10 տարի պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները` հաշվի առնելով միջազգային փորձը:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ`

2.1 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որպես համապատասխան անձանց կենսաթոշակային իրավունքի հիմք, բացի համապատասխան տարիքը լրանալուց, սահմանում է մեկ չափանիշ, այն է` պաշտոնավարման որոշակի նվազագույն շեմը (ժամանակահատվածը): Նախագծով, ըստ էության, առաջարկվում է միայն մեկից ավելի երկրներում դիվանագիտական ծառայության ղեկավար աշխատած անձանց համար սահմանել մեկ այլ չափանիշ (երկրների թիվը, որտեղ պաշտոնավարել է տվյալ անձը), որի առումով կարելի է ենթադրել, որ նկատի է ունեցվում այդ կատեգորիայի պաշտոնյաների աշխատանքային ծանրաբեռնվածության մակարդակը: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող չափանիշը ոչ միայն կարող է չարտացոլել այս կամ այն պաշտոնյայի աշխատանքային ծանրաբեռնվածության իրական մակարդակը, այլեւ խտրական մոտեցում պարունակել` սոցիալական արդարության տեսանկյունից: Օրինակ, երկու երկրում (որտեղ օբյեկտիվ պատճառներով աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ չէ) 6 ամիս դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավար աշխատած անձը կօգտվի կենսաթոշակային նույն իրավունքից` որից օգտվում է 10 տարուց ավելի մեկ երկրում (բայց օբյեկտիվորեն աշխատանքային մեծ ծանրաբեռնվածություն կրող) դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, կամ նշված անձը կօգտվի կենսաթոշակային նշված իրավունքից, իսկ մեկ երկրում 9 տարի 11 ամիս պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը` ոչ: 

Այս առումով, եւ Նախագծի հեղինակի կողմից հետապնդվող խնդրի լուծման նպատակով, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի ոչ թե սահմանել տարբերվող չափանիշ, այլ օրենքով սահմանված միակ չափանիշը լրացնել նոր չափանիշով: Մասնավորապես, նշված կատեգորիայի դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների մասով առաջարկում ենք Նախագծի լրացումը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «մեկից ավելի երկրներում առնվազն 5 տարի պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները»:

2.2 Անհրաժեշտ է նաեւ Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել դրա բովանդակությանը` վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինելով «ԼՐԱՑՈՒՄ» բառով:


ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

28.10.2016թ.