ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1136-21.12.2016-ՏՀ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11361-21.12.2016-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11362-21.12.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական  գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները, առաջարկվում է հստակեցնել ճարտարապետական մասնագիտական գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ՀՀ կառավարության դասակարգմամբ` բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտներին առնչվող` ճարտարապետական գործունեության արտոնագրման, մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնների, ինչպես նաեւ ճարտարապետի մասնագիտական իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հարցերը եւ այլն: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3. Փաթեթում ընդգրկված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1 Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունում գործում է ճարտարապետների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն», ինչը ճարտարապետական ծառայությունների մրցակցային շուկայում ուղղակիորեն մենաշնորհ դիրքի ամրագրման ինստիտուտ է իրենից ներկայացնում (առավել եւս, որ այս հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ. «Պալատի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված ճարտարապետները»): Ընդ որում, այս մոտեցումը, որն ընդունելի չի կարող համարվել, զուգակցվում է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվող այն դրույթի հետ, ըստ որի. «Պալատի անդամների ոչ պետական գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ... մրցակցության համար օբյեկտիվ պայմանների ստեղծումը:»

3.2 Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է, որ. «Ընդհանուր ժողովը սահմանում է պալատի անդամավճարի չափը տարեկան եկամտի 0.1%-ի չափով», սակայն ներկայացված ձեւակերպումից պարզ չի դառնում, թե ու՞մ եկամտի մասին է խոսքը (թեեւ ենթադրելի է, որ խոքը գնում է Պալատի անդամ հանդիսացող եւ ինքնուրույն գործունեություն իրականացնող ճարտարապետների մասին): Սակայն, խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ, թե ո՞րն է տվյալ օրենքի իմաստով համարվում եկամուտ, որոնք են այդ եկամտի տարրերը (օրինակ` հարկերը մտնու՞մ են դրա մեջ, թե՞ ոչ), որն է տարեկան եկամտի 0.1%-ի հաշվարկման եւ գանձման մեխանիզմը (օրինակ` գործունեության տարեկան արդյունքների ամփոփման հիման վրա կատարվող վճարու՞մն է, կանխավճարների՞ գանձումն է, յուրաքանչյուր պայմանագրի արժեքից հաշվարկվող վճարու՞մն է, թե՞ որեւէ այլ մեխանիզմ է իրենից ենթադրում):

3.3 Նախագծի 21-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման վճարի եւ օտարերկրյա եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրման վճարի չափը սահմանվում է բազային տուրքի քառասնապատիկի չափով»: Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար կլիներ ուղղակիորեն ամրագրել, որ նշված վճարները մուտքագրվում են Պալատի տարեկան բյուջե: 

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ`                                                                                        Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ?                                                          Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ

20.01.2017թ.