ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ ծրագրի (փաստաթղթային կոդ` Կ-023-19.06.2017-) վերաբերյալ 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ. ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ընդհանուր ուղղվածությունը եւ տրամաբանությունը ցույց է այն մասին, որ հիմնականում նախատեսվում է ոչ միայն շարունակել նախորդ ծրագրով սահմանված հիմնական դրույթների իրականացումը, այլեւ Ծրագիրը լրացնել առաջիկա 5 տարիների համար գերակա ուղղությունների եւ ոլորտային ծրագրերի նկարագրությամբ: Այս առումով հարկ է նշել, որ իր համալիրության, կուռ կառուցվածքի եւ կոնկրետության մակարդակի տեսանկյունից տվյալ Ծրագիրը շահեկանորեն տարբերվում է ոչ միայն ՀՀ կառավարության 2016-2017թթ., այլեւ նախորդ կառավարությունների կողմից ներկայացված ծրագրերից: Չնայած այս հանգամանքին, կարծում ենք, կարելի էր (եւ անհրաժեշտ էր) ավելի խորությամբ եւ առանձին բաժնով ներկայացնել առաջիկայում իրականացվելիք այն միջոցառումները, որոնք վերաբերում են տնտեսական մրցակցության զարգացմանը եւ հակամենաշնորհային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (այս մասին շատ ընդհանրական ձեւով խոսվում է միայն Ծրագրի 44-րդ եւ 47-րդ էջերում): Ընդ որում, տվյալ նկատառումը հիմնվում է նաեւ կառավարության կողմից Ծրագրի 4-րդ էջում շեշտադրված այն դրույթի վրա, ըստ որի. «Ակնհայտ է, որ մեր հայրենակիցների համար Հայաստանը կլինի ստեղծագործելու եւ արարելու հենարան միայն այն դեպքում, երբ ապահովված լինի արդյունավետ մրցակցային միջավայր:»: Այս դրույթը, կարծում ենք, չափազանց կարեւոր է ծրագրային հենք լինելու իմաստով եւ վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլեւ մրցակցության մյուս բոլոր տեսակներին, որոնք պետք է առկա լինեն գրեթե բոլոր ոլորտներում (օրինակ` այնպես, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում նախատեսվում է ակտիվորեն ներդնել թվային եւ տեղեկատվական տեխնոլոգիաները):

2. Ծրագրի 3-րդ էջի 5-րդ պարբերությամբ նշվում է, որ. «Հայաստանի անվտանգության համատեքստում ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր բնական պաշարները արդյունավետ, թափանցիկ օգտագործելու եւ այդ ոլորտում պետության համար առավելագույն շահույթի ձեւավորման խնդիրը...»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ պետության կողմից բնական պաշարների օգտագործման բնագավառում պաշարների արդյունավետ օգտագործման եւ առավելագույն շահույթի ձեւավորման խնդիր չի կարող դրվել, քանի որ նման մոտեցումը կարող է հանգեցնել երկրի բնական պաշարների անխնա եւ արագ սպառման, ինչն էլ որեւէ կերպ հնարավոր չէ խելամիտ քաղաքականություն անվանել: Ուստի, պատահական չէ, որ այս մոտեցումը հակասում է նաեւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ:», ուստի առաջարկում ենք նշված դրույթը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության այս հոդվածին:

3. Ծրագրի 7-րդ էջում ներկայացված` առաջիկա 5 տարիներին Կառավարության նպատակադրումներից երկուսը, մեր կարծիքով, որոշակի շտկումների կարիք ունեն, մասնավորապես`

ա) առաջին նպատակադրումը, ըստ որի նախատեսվում է. «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով», կարծում ենք, այնքան էլ ճիշտ չի լինի համեմատության բազա ընդունել զարգացած երկրների տնտեսությունները, քանի որ այդ երկրների տնտեսությունների հետ Հայաստանի տնտեսությունը ոչ մի կերպ համադրելի չի կարող լիենել, իսկ ցանկացած համեմատություն էլ, ըստ էության, ՀՀ տնտեսական աճի որակի վերաբերյալ պատկերացում տալ չի կարող (այս կապակցությամբ առաջարկում ենք ընդհանրապես հանել ««զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում`» բառերը),

բ) չորրորդ նպատակադրման մեջ խոսք է գնում «զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության զուգակցման», ինչպես նաեւ «անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի» ապահովման մասին: Այս կապակցությամբ, եւ իրականությանն ավելի մոտ պատկեր ունենալու նպատակով, կարծում ենք, շատ ավելի ճիշտ կլիներ նպատակադրել ոչ թե «անվանական նվազագույն աշխատավարձի», այլ «իրական նվազագույն աշխատավարձի» աճի ցուցանիշը, քանի որ անվանական աշխատավարձի մակարդակը ՀՀ-ում բավականին շեղված է դրա իրական (տնօրինվող) աշխատավարձի մակարդակից` հարկային բեռի բավականին մեծ ծավալի առկայության արդյունքում (միջին հաշվով աշխատավարձերի մոտ 1/3-ը միայն կազմում է եկամտային հարկը), առավել եւս, որ խոսքը գնում է նաեւ «արժանապատիվ վարձատրության» հայեցակարգի հիման վրա եկամտային քաղաքականության դիտարկման մասին:

4. Ծրագրի 3.2 բաժնում, որը վերաբերում է հարկաբյուջետային քաղաքականությանը եւ պետական ֆինանսներին, մեր կարծիքով, բացակայում է ներկայումս շատ արդիական եւ կարեւոր մի խնդրի վերաբերյալ կառավարության մոտեցումը: Խոսքը գնում է Բյուջետային օրենսգրքի մշակման եւ ընդունման մասին, առանց որի պետական ֆինանսների կառավարման կատարելագործման եւ բյուջետային կարգապահության մակարդակի բարձրացման խնդիրների լուծումը (որոնք շեշտադրված են սույն Ծրագրում) ուղղակի վտանգված կարելի է համարել:

5. Ծրագրի 3.3` «Հարկային եւ մաքսային համակարգեր» բաժնում, մեր կարծիքով, նպատակահարմար կլիներ հստակ արձանագրել նաեւ ՀՀ կառավարության մոտեցումն առաջիկա 5 տարիների ընթացքում` կապված հարկային դրույքաչափերի ռազմավարության հետ (Ծրագիրն, ըստ էության, չի տալիս այն հարցի պատասխանը, թե առաջիկայում նախատեսվու՞մ է, արդյոք, հարկային դրույքաչափերի բարձրացում, թե՞ ոչ), ինչը շատ կարեւոր է նաեւ ՀՀ ներդրումային քաղաքականության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման տեսանկյունից: 

6. Մեր կարծիքով, Ծրագրում կարիք կար արտացոլելու նաեւ գնաճի եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի կարգավորման քաղաքականությունները, ինչպես նաեւ կառավարության եւ կենտրոնական բանկի համագործակցության մեխանիզմները, ինչն էլ հնարավորություն կտար ավելի ռեալ գնահատել սոցիալական եւ գործարար միջավայրերում ակնկալվող արդյունքների իրատեսությունն ու արժանահավատությունը:

7. Ծրագրում բացակայում է նաեւ դրա իրականացման ռիսկերի նկարագրությունը, ինչն ավանդաբար տեղ է գտել կառավարությունների գործունեության ծրագրերում (չնայած, որպես կանոն, այդ ռիսկերի արտացոլումն էլ կրել է հիմնականում խիստ ընդհանրական բնույթ` առանց նշելու այդ ռիսկերի ի հայտ գալու դեպքում ՀՀ կառավարության հնարավոր քայլերի, այդ ռիսկերի չեզոքացման ու այլընտրանքային մոտեցումների մասին):                      

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
տնտեսագիտական վարչության պետ`                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ  
20.06.2017թ.