ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) (փաստաթղթային կոդ` 1207-02.05.2017-ՖՎ) եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի (փաստաթղթային կոդ` 1208-02.05.2017-ՖՎ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն) եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը մշակվել եւ Ազգային ժողով ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն` ուղղված գնանկումային միջավայրի մեղմմանը: Տարվա ընթացքում էականորեն նվազել են գնաճային սպասումները, դիտվել է ներքին պահանջարկի եւ գնաճի որոշ չափով վերականգնում, պահպանվել է եկամուտների գնողունակության մակարդակը եւ մասնակիորեն վերականգնվել է արտաքին մրցունակությունը: 2016 թվականի չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսական աճի դանդաղ տեմպերը` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ հանքաարդյունաբերության ճյուղերի թողարկման ծավալների կրճատմամբ: Տարվա ընթացքում պահպանվող գնանկումային զարգացումները չորրորդ եռամսյակում որոշակիորրեն մեղմվել են եւ տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է -1.1 տոկոս: Չորրորդ եռամսյակում գնանկումային միջավայրը նույնպես որոշակիորեն մեղմվել է, ինչի արդյունքում 12-ամսյա գնանկման ցուցանիշը դեկտեմբերին կազմել է 1.1 տոկոս: 2016 թվականին ՀՆԱ դեֆլյատորը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 1 տոկոսով: Արդյունաբերության ճյուղում 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է գների 1.5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում` 2.2 տոկոս գնանկում, ծառայությունների ոլորտում` 1.8 տոկոս աճ, շինարարության ոլորտում` 1.8 տոկոս գնանկում:

Պայմանավորված ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ, արտաքին տնտեսական միջավայրի սպասվող բարելավմամբ եւ մի շարք այլ դրական զարգացումներով, 2017 թվականին կանխատեսվում է 2.2-3.2 տոկոս տնտեսական աճ: ՀՀ-ում տնտեսական միջավայրի բարելավման վրա իրենց ազդեցությունը կունենան հիմնական առեւտրային գործընկեր երկրներում կանխատեսվող դրական զարգացումները: Մասնավորապես, ԱՄՆ տնտեսական աճի տեմպերը զգալիորեն կարագանան (2017 թվականին կանխատեսվում է 2.3 տոկոս տնտեսական աճ` 2016 թվականի 1.6 տոկոսի դիմաց), Եվրագոտում նույն ցուցանիշի աճի տեմպերը կդանդաղեն (2017 թվականին կանխատեսվում է 1.3 տոկոս` 2016 թվականի 1.7 տոկոսի դիմաց), իսկ Ռուսաստանում 2016 թվականի տնտեսական անկումից հետո կգրանցվի տնտեսական աճի վերականգնում (2017 թվականին կանխատեսվում է 1.8 տոկոս տնտեսական աճ` 2016 թվականի 0.5 տոկոս տնտեսական անկման դիմաց): Նման զարգացումների պարագայում, Կենտրոնական բանկի կանխատեսումներով, 2017 թվականին ակնկալվում է 2.2-3.2 տոկոս տնտեսական աճ, որն աստիճանաբար արագանալով, կանխատեսվող ժամանակաշրջանի վերջում կհասնի 3.2-4.4 տոկոսի: Բացի արտաքին միջավայրի դրակական փոփոխություններից, նշված ցուցանիշի ձեռք բերմանը կնպաստեն նաեւ արտահանման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Միեւնույն ժամանակ, համաձայն Կենտրոնական բանկի կանխատեսումների, տնտեսական աճի կանխատեսվող մակարդակը կարող է չապահովվել կառուցվածքային բարեփոխումների դանդաղ ընթացքի եւ տնտեսության արտահանելի հատվածում ներդրումների զգալիորեն չավելացման դեպքում:

2017 թվականին արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 4.4-5.2 տոկոս աճ, ինչը հնարավոր կլինի ապահովել նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Շինարարության ճյուղում սպասվում է ավելացված արժեքի անկում 2.5-3.1 տոկոսի միջակայքում` պայմանավորված պետական եւ միջազգային վարկային միջոցների ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալների կրճատմամբ: Ծառայությունների ոլորտում ավելացված արժեքի աճը գնահատվում է 2.4-3.0 տոկոսի միջակայքում, որին կնպաստի առեւտրաշրջանառության ճյուղում սպասվող տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնումը եւ մատուցվող ծառայությունների աճը: 2017 թվականին գյուղատնտեսության ճյուղի աճը կկազմի 4.5-5.3 տոկոս` պայմանավորված ջերմոցային տնտեսություններում ստեղծվող ավելացված արժեքի բարձր աճով:

2016 թվականին արձանագրված ցածր տնտեսական ակտիվության եւ գնակնումային միջավայրի պայմաններում մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի աճի տեմպերը դանդաղել են, ինչը կպահպանվի նաեւ 2017 թվականին: Արդյունքում, 2017 թվականին կանխատեսվում է մասնավոր հատվածի միջին անվանական աշխատավարձի 3.6 տոկոս աճ, 2018 թվականին` 4.7 տոկոս, 2019 թվականին` 6.1 տոկոս աճ: Պետական հատվածում սպասվում է միջին անվանական աշխատավարձի 1 տոկոսի չափով նվազում: Արդյունքում, 2017 թվականին միջին անվանական աշխատավարձը կաճի 1.5 տոկոսով:

2017 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսվում է 18.5 տոկոսի սահմաններում: Միաժամանակ, պայմանավորված տնտեսությունում դրական զրգացումների ակնկալիքով, 2018-2019 թվականներին սպասվում է գործազրկության մակարդակի կրճատում 0.3-0.4 տոկոսային կետով, կազմելով համապատասխանաբար` 18.0-18.2 եւ 17.6-18.0 տոկոս:

Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2016 թվականին կազմել է 2.0 տոկոս, նախորդ տարվա  2.7 տոկոսի փոխարեն: 2017 թվականին նույն ցուցանիշը կգտնվի 0.2-0.0 տոկոսի միջակայքում` հիմնականում պայմանավորված առեւտրի պայմանների բարելավմամբ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                             Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

31.05.2017թ.