ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` Կ-022-16.06.2017-ՖՎ,ԱՀ,ԳԿ,ԱՍ,ԵԻ, ՊԱ, ՊԻՄԻ,ՏՏԳԲ,ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Համաձայն հաշվետվության, ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ. դրամ, ծախսերը` 1,449.1 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 99.3%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 278 մլրդ. դրամ:

Սույն հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1. 2016 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատությամբ դանդաղել են, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումներով, մետաղների միջազգային գների անկմամբ, Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2016 թվականին գրանցվել է 0.2% տնտեսական աճ, որը 2015 թվականի ցուցանիշին զիջում է 2.8 տոկոսային կետով: Հաշվետու տարում արձանագրված տնտեսական աճին նպաստել են արդյունաբերությունը` 0.8 տոկոսային կետով  եւ  ծառայությունների ճյուղը` 1.9 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունը եւ շինարարությունն ունեցել են նույն չափով բացասական ազդեցություն` 1.0 տոկոսային կետով: Ընդ որում, 2016 թվականին արդյունաբերության արտադրանքի ծավալը եւ ծառայությունների ոլորտն աճել են համապատասխանաբար` 6.7%-ով եւ 7.1%-ով, իսկ  գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում արձանագրվել է համապատասխանաբար` 5.0 % եւ  10.8% անկում: 

2. 2016 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել  է  1.4%-ով: Ընդ որում, պետական սպառումն աճել է 3.8 %-ով, իսկ մասնավոր սպառումը` 1.0%-ով: 

Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ կրճատվել են 8.5%-ով: 2016 թվականին արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ աճել են 19.2%-ով, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ` 8.8%-ով` հիմնականում պայմանավորված բնակչության տնօրինվող եկամտի եւ վարկավորման ծավալների աճով:

3. 2016 թվականին սպառողական շուկայում արձանագրված 1.1% 12-ամսյա գնանկումն առավելապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտ) ապրանքախմբում արձանագրված 0.2% գնանկումով (բացասական նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների խմբում արձանագրված 3.4% գնանկմամբ (բացասական նպաստումը գնաճին` 0.8 տոկոսային կետ) եւ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրված 0.7% սակագների նվազմամբ (բացասական նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ): 

4. 2016 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը մնացել է նախորդ տարվա մակարդակին եւ կազմել ՀՆԱ-ի 2.7%-ը: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2016 թվականին կազմել է 33.2%` բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը 3.4 տոկոսային կետով: Իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման մասնաբաժինը կազմել է 43.3%-ը` նախորդ տարվա 42%-ի դիմաց: Դրամական փոխանցումները տարվա արդյունքներով կազմել են ՀՆԱ-ի 9.4%-ը? մոտենալով 2000 թվականի պատմական ամենացածր մակարդակին:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2016 թվականի արդյունքներով կազմել է 5075.3 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 7.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 20.0%-ով` կազմելով 1782.9 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 1.6%-ով եւ կազմել է 3292.4 մլն. ԱՄՆ դոլար:

Ներմուծման 1.6% աճի 5 տոկոսային կետը պայմանավորվել է «Մանածագործական իրեր», «Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» եւ «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքախմբերով: 

2016 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ աճել է 5.6 տոկոսային կետով, իսկ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 76.6%-ը:

5. 2016 թվականի տարեվերջին դրամի փոխարժեքը կազմել է 482.8 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա դեկտեմբերին ձեւավորված միջին փոխարժեքի (482.9) նկատմամբ արժեզրկվել է 0.02%-ով: Իսկ տարվա միջին փոխարժեքը կազմել է 480.5 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց (2015 թվականին` 477.9): 

6. 2016 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.1%-ը` նախորդ տարվա 23.2%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 21.3%-ը` նախորդ տարվա 21.2%-ի դիմաց: 2015 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 0.3%, իսկ հարկային եկամուտներինը` 1.1%:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2016 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսեւորել է աճի միտումներ եւ կազմել 28.6% նախորդ տարվա համեմատ աճելով 0.6 տոկոսային կետով: 

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը  2016 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը` նախորդ տարվա 4.8%-ի դիմաց: 2016 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 45.9% նախորդ տարվա 41.5%-ի դիմաց:

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

7. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով, ելնելով 2.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1186.3 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1154.8 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 31.5 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 92.2 մլրդ. դրամով (7.8%-ով) եւ կազմել 1278.5 մլրդ. դրամ, որից 1235.5 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 43 մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 

2016 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1171.1 մլրդ. դրամ, որոնք նախորդ տարվա փաստացի ցուցանիշը գերազանցել են 3.4 մլրդ. դրամով կամ 0.3%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 91.6%-ով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 92%-ով, այլ եկամուտները` 97.3%-ով: 

Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 33.8 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 85.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1137.3 մլրդ. դրամ` ապահովելով 91.8% կատարողական: 

Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 23.1%, որը 0.1 տոկոսային կետով զիջել է նախորդ տարվա ցուցանիշը: 2015 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 0.3%-ով կամ 3.4 մլրդ դրամով աճը գերազանցապես պայմանավորված է եղել հարկային եկամուտների եւ  պաշտոնական դրամաշնորհների համապատասխանաբար 1.1% (11.8 մլրդ. դրամ) եւ 5.1% (1.5 մլրդ. դրամ) աճով եւ այլ եկամուտների 14.2% (10.0 մլրդ. դրամ) կրճատմամբ: Արդյունքում, 2015 թվականի համեմատ, 2016 թվականին պետական բյուջեի եկամուտներում 0.8 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների եւ 0.1 տոկոսային կետով պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ այլ եկամուտների գծով նույն ցուցանիշը նվազել է 0.9 տոկոսային կետով:

8. Պետական բյուջեի եկամուտների 92.2%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ  պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են շուրջ 1079.7 մլրդ. դրամ եւ 92%-ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 1046.4 մլրդ. դրամը կազմել են հարկային եկամուտները, իսկ 33.3 մլրդ. դրամը` պետական տուրքերը: 

2015 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 11.8 մլրդ. դրամով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտներն աճել են 1.1%-ով կամ ավելի քան 10.9 մլրդ դրամով, իսկ պետական տուրքերը` 2.8%-ով կամ շուրջ 904.6 մլն դրամով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը ձեւավորվել է եկամտային հարկի, շահութահարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, նպատակային սոցիալական վճարների աճի եւ ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով մուտքերի նվազման արդյունքում: 

2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 21.3%` 0.1 տոկոսային կետով գերազանցելով  նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հարկային սահունության գործակիցը 2016 թվականին կազմել է 1.6 (ՀՆԱ-ի աճի յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 1.6 տոկոսային կետով աճ)` 2015 թվականի 0.1-ի դիմաց:

9. 2016 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 36.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 391.1 մլրդ. դրամ: Նշված գումարից 168.2 մլրդ. դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 222.9 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն նվազել է 7.7%-ով կամ 32.8 մլրդ. դրամով ինչի հիմնական պատճառներ են հանդիսացել անբարենպաստ մակրոտնտեսական միջավայրը, ներմուծման ծավալների կրճատումը: 

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 59.7 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 35.7 մլրդ դրամ, իսկ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 24.1 մլրդ դրամ: 2015 թվականի համեմատ ակցիզային հարկի մուտքերը աճել են 22%-ով կամ 10.8 մլրդ դրամով: Ընդ որում, ներմուծվող ապրանքների գծով մուտքերում արձանագրվել է 16.7 % կամ 5.1 մլրդ դրամի, իսկ տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով` 30.7%-ով կամ 5.7 մլրդ դրամի աճ: ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը պայմանավորված է բենզինի, դիզելային վառելիքի, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով: Մասնավորապես? ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի եւ բենզինի համար վճարված ակցիզային հարկի գծով մուտքերն աճել են համապատասխանաբար` 5.3 անգամ (կամ շուրջ 3.5 մլրդ դրամով) եւ 6.6 անգամ (կամ 2.8 մլրդ դրամով)? կազմելով 4.3 մլրդ դրամ եւ 3.3 մլրդ դրամ, իսկ ՀՀ ներմուծված ծխախոտային արտադրանքի իրացման համար վճարված ակցիզային հարկի գծով մուտքերն աճել են 24.4%-ով կամ ավելի քան 3 մլրդ դրամով? կազմելով 15.5 մլրդ դրամ:

2016 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 11.8%-ն ապահովվել է շահութահարկի  հաշվին` կազմելով շուրջ 127.2 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 22.7%-ով կամ 23.5 մլրդ դրամով: Շահութահարկի աճի հիմնական պատճառ է հանդիսացել, մասնավորապես, 1 կազմակերպության մասով գույքի վաճառքից գոյացած շահույթից 2016 թվականին վճարված ռեզիդենտի շահութահարկը, ինչպես նաեւ թվով 3 ընկերությունների կողմից մեկանգամյա գործարքներով պայմանավորված? 2016 թվականին վճարված ոչ ռեզիդենտի շահութահարկը, որոնց գումարը կազմել է շուրջ 26.4 մլրդ դրամ? նախորդ տարվա 2.8 մլրդ դրամի փոխարեն: Հատկանշական է այն, որ վերոնշյալ 4 կազմակերպությունների շահութահարկի գծով մուտքերը բացառելու պարագայում շահութահարկի մուտքերը ոչ թե կաճեին, այլ կնվազեին, ինչը պայմանավորված է հիմնականում ՀՆԱ-ի կառուցվածքում շահութահարկի հաշվարկման բազա հանդիսացող տնտեսության ճյուղերում արձանագրված անկման միտումներով:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 332.7 մլրդ. դրամ եկամտային հարկ, ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 30.8%ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերի աճը կազմել է 3.9% կամ 12.5 մլրդ. դրամ: Եկամտային հարկի գծով աճը գրանցվել է աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ եկամուտների գծով, մինչդեռ մյուս եկամտատեսակներից գանձվող եկամտային հարկի մուտքերը նվազել են` պայմանավորված հիմնականում ՀՆԱ-ի կառուցվածքում եկամտային հարկի հաշվարկման բազա հանդիսացող տնտեսության ճյուղերում արձանագրված եկամտի անկման միտումներով:

2016 թվականին պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է 55.4 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 5.1%-ը: Նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերը նվազել են 9.9%-ով կամ շուրջ 6.1 մլրդ. դրամով, ինչը պայմանավորված է ինչպես Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ անդամ երկրներին համամասնորեն տրվող մաքսատուրքի գումարների նվազմամբ, այնպես էլ երրորդ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող? մաքսատուրքով հարկվող ապրանքների ծավալների կրճատմամբ: 

2016 թվականին շրջանառության հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 15.3 մլրդ դրամ (կազմելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 1.4%-ը), որը 28.7%-ով կամ 3.4 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացված մուտքերի աճով: Շրջանառության հարկի գումարից 8.2 մլրդ դրամը մուտքագրվել է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, 1.4 մլրդ դրամը` արտադրական գործունեությունից, 795.1 մլն դրամը` ռեզիդենտների կողմից ստացվող պասիվ եկամուտներից, 235 մլն դրամը` նոտարական գործունեությունից եւ 4.6 մլրդ դրամը` գործունեության այլ տեսակներից: Շրջանառության հարկի գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է եղել օրենսդրական փոփոխություններով: Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 1-ից ԱԱՀ-ով հարկվող շեմը 58.35 մլն դրամից բարձրացվել է 115.0 մլն դրամ, ինչի հետեւանքով 2016 թվականի արդյունքներով 121.6 մլրդ դրամ շրջանառություն անցել է շրջանառության հարկով հարկման դաշտ, որն այլ հավասար պայմաններում համարժեք է շուրջ 4 մլրդ դրամ շրջանառության հարկի մուտքերի: Առանց վերը նշված գործոնի, շրջանառության հարկի մուտքերը ոչ թե աճել, այլ նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է առեւտրի ոլորտի շրջանառության ծավալների կրճատմամբ:

2016 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.2 մլրդ. դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 0.3%-ը: Հաշվետու տարում հաստատագրված վճարները նախորդ տարվա համեմատ աճել  են 3.1%-ով, ինչը պայմանավորված է տրանսպորտային գործունեության իրականացման, կազմակերպությունների կողմից տոտալիզատորի եւ վիճակախաղերի կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարի մուտքերի աճով:

2016 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 27.4 մլրդ. դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի եւ տուրքերի 2.5%-ը: Նշված գումարից 7.7 մլրդ. դրամը կազմել են բնապահպանական վճարները, 19.7 մլրդ. դրամը` բնօգտագործման վճարները: Նախորդ տարվա համեմատ բնապահպանական եւ բնօգտագործման վճարները նվազել են 12.4%-ով կամ 3.9 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների գծով մուտքերի եւ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիից ստացված մուտքերի համապատասխանաբար` 72.2%-ով եւ 13.2%-ով նվազմամբ:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 21 մլրդ. դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի եւ տուրքերի 1.9%-ը: Մասնավորապես` 6.3 մլրդ. դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.9 մլրդ. դրամ` ճանապարհային վճարները, 765.7 մլն. դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 6.4 մլրդ. դրամ` ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 1.4 մլրդ. դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերն աճել են 4.6%-ով կամ 921.7 մլն դրամով:

10. 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 33.3 մլրդ. դրամ պետական տուրքեր` 0.7%-ով զիջելով ծրագրային ցուցանիշը: Ընդ որում, պետական տուրքի բոլոր տեսակներն ամբողջությամբ ապահովել կամ գերազանցել են ծրագրային ցուցանիշները, բացառությամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու եւ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տրամադրելու համար վճարվող տուրքերի:

11. 2016 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 31.4 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 73.1%-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 11.6 մլրդ. դրամ: Շեղումը մեծ մասամբ առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 63.1%-ը`19.1 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերն աճել են 5.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով:

12. 2016 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 60.0 մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.1%-ը` նախորդ տարվա 6.0%-ի դիմաց: Այլ եկամուտների կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշն ապահովվել է 97.3%-ով:

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

13. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,377.0 մլրդ. դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում, հաշվի առնելով օրենսդրության պահանջները, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,459.0 մլրդ. դրամ` ավելանալով 82 մլրդ. դրամով (6%-ով): Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,449.1 մլրդ. դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական եւ ծրագրի 99.3% կատարողական: 

Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին 2016 թվականին կատարվել են 27.1 մլրդ. դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 77.5%-ը: 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2.8%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 28.6%` 2015 թվականի 28%-ի դիմաց:

14. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է ընդհանուր ծախսերի 88.5%-ը կամ 1,281.8 մլրդ. դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 99%-ը: Հաշվետու տարում ընթացիկ ծախսերի 11.1%-ը` շուրջ 142.4 մլրդ. դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 97.5%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են ընդամենը 1%-ով:

15. 2016 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 167.3 մլրդ. դրամ կամ ընդհանուր ծախսերի 11.5%-ը եւ տարեկան ծրագրի 101.8%-ը: 2015 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 1.6%-ով:

16. ՀՀ 2016 թվականին պետական բյուջեից 292.1 մլրդ. դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 96.8% կատարողական: 2015 թվականի համեմատ ոլորտի ծախսերն աճել են 3.8%-ով կամ 10.7 մլրդ դրամով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում պետական պարտքի սպասարկման ծախսերին:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 23.1 մլրդ. դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 95.4%-ը: 

2016 թվականին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե ամբողջությամբ` կազմելով շուրջ 4.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ աճել են 2.8%-ով, հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով: 

Հաշվետու տարում ՀՀ վերահսկիչ պալատի պահպանմանը հատկացվել է 936.2 մլն. դրամ` կազմելով ծրագրի 98%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը աճել են են 2.3%-ով` պայմանավորված գործուղումների գծով ծախսերի աճով: 

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 10.5 մլրդ. դրամ` կազմելով ծրագրի 97.4%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 0.8%-ով:

ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

17. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեն կատարվել է 278 մլրդ. դրամ պակասուրդով` 54%-ով գերազանցելով ճշտված ծրագիրը: Շեղումը հիմնականում պայմանավորված է գանձապետական պարտատոմսերի հաշվին պակասուրդի ֆինանսավորման բարձր ցուցանիշով` եկամուտների համեմատ ծախսերի առավել բարձր կատարողականի հետ կապված, ինչպես նաեւ արտաքին վարկերի գծով նախատեսվածից ավել ստացված միջոցներով:  Նշենք, որ 2015 թվականի համեմատ պակասուրդի մեծությունն աճել է 15.2 %-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը  2016 թվականին կազմել է 5.5%` 2015 թվականի 4.8%-ի դիմաց: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե 2015 թվականին ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել էր պակասուրդի համապատասխանաբար` 4.7 եւ 95.3 տոկոսը, ապա 2016 թվականին նշված ցուցանիշները կազմել են 38.6 եւ 61.4 տոկոս:

Հաշվետու տարվա ընթացքում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 107.2 մլրդ. դրամ` նախատեսված 48.3 մլրդ. դրամի եւ նախորդ տարվա 11.2 մլրդ դրամի դիմաց:

2016 թվականին պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է 170.8 մլրդ. դրամով` գերազանցելով ծրագրված ցուցանիշը 29.2%-ով: 

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 33.7 մլրդ. դրամ: 

18. 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,325.6 մլրդ. դրամ (4,805.6 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 45.9%-ը` 2015 թվականի 2,088.0 մլրդ. դրամի (4,316.2 մլն. ԱՄՆ դոլարի) եւ 41.5%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 4,300.9 մլն. ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, 504.7 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: 

Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 230.1 մլն. ԱՄՆ դոլար, որից 189.8 մլն. ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 40.3 մլն. դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:

Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 6.6%` նախորդ տարվա 12.5%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ՝ 9.4% նախորդ տարվա 16 %-ի դիմաց: 

2016 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2015 թվականի 3,604.6 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց` կազմելով 4,002.5 մլն. ԱՄՆ դոլար, աճել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2015 թվականի 34.2%-ի դիմաց կազմելով 37.9%, սակայն նվազել է ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2015 թվականի 114.9%-ից հասնելով 114.3%-ի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                                           Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  

16.06.2017թ.