ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թագարանային ֆոնդի մասին» (փաստաթղթային կոդ` Կ-28-22.06.2017-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-281-22.06.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:   
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: 
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 
2. Փաթեթի ընդունման նպատակը, ըստ նախագծերի հեղինակի, թանգարանների գործունեության համար օրենսդրական հիմքերի ձեւավորումն է, որը ներկայումս մշակութային ժառանգության բնագավառի` առանձին օրենքով չկարգավորվող  թերեւո միակ ոլորտն է: 
Ընդհանուր առմամբ Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը, սակայն կցանկանայինք ներկայացնել երկու նկատառումներ` Փաթեթում ընդգրկված «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ. 
2.1 Նախագծում, մեր կարծիքով, չափից շատ է ՀՀ կառավարությանն այս կամ այն  կարգի կամ փաստաթղթերի հաստատման լիազորություններ վերապահվում, այն դեպքում, երբ ներկայումս ՀՀ կառավարությունը որդեգրել է նման լիազորությունները իրավասու պետական մարմիններին վերապահելու քաղաքականություն, ուստի առաջարկում ենք վերանայել նշված մոտեցումը եւ համապատասխան լիազորությունների գերակշիռ մասը վերապահել պետական կառավարման լիազորված մարմնին: 
2.2 Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասի սկզբում առաջարկում ենք ավելացնել «Հավատարմագրված» բառը` տվյալ մասը Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասի հետ համահունչ դարձնելու նպատակով (վերջինս նախատեսում է, որ պետական աջակցությունից կարող է օգտվել հավատարմագրված թանգարանը):       
  
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ
աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ`                                 Ա. ԹԱՄԱԶՅԱՆ    

12.07.2017թ.