ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-33-23.06.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
  
 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայն ներկայացված Նախագծի հիմնավորման եւ ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության` 2016թ. համեմատ 2017թ. գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն: 2017թ. հունիսի 20-ի դրությամբ` անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն.մ3` չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ նույն օրվա դրությամբ 35 մլն.մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված, 2017թ. հունիսի 20-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5մլն.մ3` անցած տարվա 14.3մլն.մ3-ի փոխարեն:

3. Նախագծի 1-ին հոդվածով ավելացվող` օրենքի նոր`  2.4-րդ հոդվածը, ըստ որի նախատեսվում է. «Հաստատել 2017 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N5 հավելվածի:», ըստ էության, կրկնում է Նախագծի 3-րդ հոդվածի միտքը, ուստի դրանցից առաջարկում ենք թողնել միայն մեկը: 

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստի 1-ին նախադասությունից առաջարկում ենք հանել «մինչեւ» բառը, քանի որ դրա առկայությունը ավելորդ անորոշություն կարող է առաջացնել (եթե շեշտվում է, որ սահմանվում է առավելագույն չափաքանակ, ապա դա կարող է լինել որեւէ կոնկրետ թիվ (օրինակ` 270 մլն. մ3), այլ ոչ թե «մինչեւ 270 մլն. մ3», ինչն իրենից արդեն միջակայք է ներկայացնում):

5. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):», ինչը երկու խնդիր է առաջացնում.

ա) սույն օրենքով առաջարկվում է լիազոր մարմնին իրավունք վերապահել` Սեւանա լճից ավելի շատ ջուր բաց թողնելու կապակցությամբ, ուստի այս իրավունքի գործողության ժամկետը կարող  է կապված լինել ջրառի բուն պատճառի վերացման հետ, այլ ոչ թե լրացուցիչ ջուր բաց թողնելու հետեւանքով արտադրված լրացուցիչ էլեկտրաէներգիայի իրացման արդյունքում ձեւավորված արտաբյուջետային միջոցների սպառման հետ (այս առումով առաջարկում ենք սույն օրենքի գործողության հստակ ժամկետ սահմանել եւ չկապել այն արտաբյուջետային միջոցների օգտագործման հետ),

բ) սույն օրենքի ընդունումից հետո այն չի կարող գործել առանձին եւ ինկորպորացիայից հետո տվյալ օրենքի տեքստը հանդիսանալու  է մայր օրենքի բաղկացուցիչ մասը, ուստի Նախագծի 4-րդ հոդվածի «Սույն օրենքն...գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը» նախադասությունը կվերաբերի ոչ թե առաջարկվող լրացումներին, այլ մայր օրենքին (այս կապակցությամբ առաջարկում ենք հենց տվյալ հոդվածի վերջում նոր պարբերություն ավելացելու միջոցով հստակ սահմանել առաջարկվող լրացումների եւ հավելված 5-ի գործողության ժամկետը):

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

29.06.2017թ.