ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-40-26.06.2017-ՖՎ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-401-26.06.2017-ՖՎ-011/0) եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-401-26.06.2017-ՖՎ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի նպատակը ՀՀ բանկային համակարգի կարգավորման օրենքների համապատասխանեցումն է Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից ներկայացված Բազել 3 փաստաթղթի պահանջներին, որի համաձայն բանկային համակարգի կարգավորման միջազգային դաշտում իրականցվել են մի շարք սկզբունքային փոփոխություններ` ուղղված ֆինանսական կայունության ամրապնդմանն ու բանկային համակարգի հուսալիության ապահովմանը:

Այս կապակցությամբ Փաթեթով առաջարկվում է իրականացնել հետեւյալ լրացումներն ու փոփոխությունները՝

- սահմանել որոշակի սահմանափակումներ (բուֆերներ)` շահութաբաժինների (պարգավճարների) բաշխման հարցում` ելնելով սպառողների շահերից (առաջարկվում է հնարավորություն տալ Կենտրոնական բանկին` սահմանելու հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու, այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգեւավճարներ վճարելու սահմանափակումների),

- Լեւերիջի նորմատիվի սահմանում (Բազել 3-ով սահմանվել է լեւերիջի գործակից, որի ներդրումը նպատակ ունի սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից ակտիվների չափազանց մեծ ծավալների ներգրավումը),

- տալ «Համակարգային նշանակություն ունեցող բանկ» հասկացության սահմանումը եւ վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորությունը,

- ՀՀ ԿԲ-ին իրավունք տալ սահմանելու «Պարտավորության եւ եկամտի հարաբերակցության (DTI)» եւ «Պահանջի եւ գրավի (LTV) հարաբերակցության» առավելագույն չափեր,

- փոփոխել բանկերի ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանումը, որը ներկայումս ճշգրիտ չի արտացոլում բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման տեղն ու դերը բանկի կառավարման եւ ներքին հսկողության կառուցվածքում եւ այլն: 

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ դրական ազդեցություն կարող է ունենալ բանկային եւ ապահովագրական  գործունեության կարգավորման հարաբերությունների վրա:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության բաժնի 

 գլխավոր մասնագետ`                                                                          Գ. ՍԱՖԱՐՅԱՆ

29.06.2017թ.