ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-120-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Վ. Էնֆիաջյանի, Շ. Իսայանի, Գ. Պետրոսյանի եւ Վ. Բոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի շեմը սահմանել 115 մլն դրամ` նախատեսվող 58.35 մլն դրամի փոխարեն (վերջինս, համաձայն ՀՀ հարկային օրենսգքրի, գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից): Այլ կերպ ասած, Նախագծի նպատակը գործող 115 մլն դրամ ԱԱՀ-ի շեմի պահպանումն է նաեւ հետագա տարիների համար, ինչը հնարավորություն կտա ներկայումս շրջանառության հարկի դաշտում գործող հարկ վճարողներին շարունակել հետագայում եւս գործել հարկման տվյալ համակարգի պայմաններում` կրելով համեմատաբար ցածր հարկային բեռ: Առաջարկվող մոտեցումն, անշուշտ, դրականորեն կանդրադառնա փոքր եւ միջին ձեռնարկությունների որոշակի մասի գործունեության վրա եւ կկանխի 2019 թվականից հետո վերջիններիս հարկային բեռի ավելացումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱՀ-ի շեմը, ըստ էության, նախատեսված է միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար, եւ միայն այս խմբի հարկ վճարողները պետք է գործեն հարկման տվյալ համակարգի պայմաններում, կարծում ենք, որ առավել տրամաբանական կլիներ դրա չափի եւ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար սահմանված չափորոշիչների միջեւ ապահովել որոշակի համապատասխանություն, ինչը կնպաստեր ՓՄՁ սուբյեկտների որոշակի մասի (մասնավորապես` գերփոքր ձեռնարկությունների) համար  պետական աջակցության հասցեականության աստիճանի բարձրացմանը:


ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                  Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

13.09.2017թ.