ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-174-3.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Է. Մարուքյանի, Ա. Միրզոյանի, Գ. Գորգիսյանի, Ն. Փաշինյանի եւ Լ. Նազարյանի կողմից ներկայացված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 

Նախագծով առաջարկվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել այնպես, որ ընկերության արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվի ոչ միայն ընկերության գործադիր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ, այլեւ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով: Ընդ որում, առաջարկվող փոփոխության համաձայն. «Ընկերության գործադիր մարմնի կողմից պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով ընդհանուր ժողով գումարելու պահանջ ներկայացնելու պահից 30 օրացույցային օրվա ընթացքում ընդհանուր ժողով չգումարվելու դեպքում պահանջը ներկայացրած մասնակիցը (մասնակիցները) կարող է (են) գումարել ընդհանուր ժողով: 

Պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով ընդհանուր ժողով գումարվելու դեպքում ժողովի գումարման ձեւը եւ օրակարգը սահմանվում են այն գումարելու պահանջը ներկայացրած մասնակցի (մասնակիցների) կողմից:»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2. Ընկերության մասնակիցների կողմից ընկերության կառավարմանը մասնակցելու եւ որոշումների ընդունման գործընթացին մասնակցության ապահովման տեսանկյունից տվյալ Նախագծով առաջարկվող իրավունքի ամրագրումն, անշուշտ, շատ կարեւոր դրույթ է: Սակայն, միայն ընդհանուր ժողով հրավիրելու իրավունքի ամրագրումը, կարծում ենք, բավարար չի լինի Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված մտահոգությունները փարատելու համար, քանի որ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքն առաջին հերթին ենթադրում է որոշումների ընդունում կամ քվեարկող բաժնեմասերի առնվազն կեսից ավելիին տիրապետողների կողմից որոշման ընդունման պարտադրում: Ուստի, տվյալ իրավունքի ամրագրումը, մեր կարծիքով, անհրաժեշտություն է առաջացնում հստակեցնել առաջարկվող մեխանիզմով հրավիրված ընդհանուր ժողովում որոշումների ընդունման ընթացակարգը, քանի որ`

ա) Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:»: Այսինքն, եթե գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) կողմից հրավիրված ընդհանուր ժողովին չներկայանան ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները, ապա այդ ժողովն իրավազոր չի լինի, իսկ ընդունված որոշումներն էլ կհամարվեն առոչինչ,

բ) Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն. «Ընդհանուր ժողովի որոշումը կարող է ընդունվել առանց ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` անցկացնելով հեռակա քվեարկություն (հարցման միջոցով): Նման քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող եւ ընդունվող հաղորդագրությունների իսկությունը եւ դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով:»: Սա նշանակում է, որ այն դեպքում, երբ գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) կողմից հրավիրված ընդհանուր ժողովն իրավազոր չլինի, ապա պահանջ ներկայացրած մասնակիցները կարող են կազմակերպել նաեւ իրենց օրակարգի հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկություն` շրջանցելով ընկերության գործադիր մարմնի կողմից ընդհանուր ժողով չհրավիրելու (առաջին հերթին` միտումնավոր չհրավիրելու) հետեւանքով առաջացած խոչընդոտը, ինչպես նաեւ դատական կարգով ընդհանուր ժողով հրավիրելու  հետ կապված դժվարությունները:  

Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող տեքստի վերջում ավելացնել եւս մեկ պարբերություն` հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված կարգով հրավիրված ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են սույն օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ հրավիրված ընդհանուր ժողովը իրավազոր չլինելու դեպքում` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակիցը (մասնակիցները) կարող են օրակարգային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով անցկացնել հեռակա քվեարկություն (հարցում):»:   


 
 


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                 Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

09.11.2017թ.