ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-215-14.12.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Ն. Զոհրաբյանի, Գ. Պետրոսյանի, Մ. Մելքումյանի, Վ. Էնֆիաջյանի, Ի. Տոնոյանի եւ Հ. Նազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ առողջությունը կորցրած՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների համար ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կազմակերպության հաստիքների կամ աշխատողների թվաքանակի  կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը, ի թիվս այլ կատեգորիաների, գործատուի կողմից կտրվի ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին՝ ապահովելով աշխատանքից չզրկվելու հնարավորությունը:

Նախագիծն ունի ընդգծված սոցիալական բնույթ եւ անդրադառնում է ՀՀ-ի համար կարեւոր հիմնախնդրի, սակայն կցանկանայինք նշել նաեւ, որ Նախագծի ընդունման դեպքում նմանատիպ իրավակարգավորման անհրաժեշտություն կառաջանա նաեւ ՀՀ այլ օրենքներում, որոնցում եւս նախատեսված են հաստիքների կրձատման դեպքերը, օրինակ` «Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքները եւ այլն:

Այս առումով, կարծում ենք, առաջարկվող դրույթը ճիշտ կլինի ավելացնել նաեւ նշված եւ նմանատիպ կարգավորումներ պահանջող այլ օրենքներում, իսկ Նախագիծն էլ ներկայացնել փաթեթի տեսքով:

  

   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                   Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

26.12.2017թ.