ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Գույքահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ -236-15.01.2018-??-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Փաշինյանի, Ա. Սարգսյանի, Է. Մարուքյանի, Գ. Գորգիսյանի եւ Լ. Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց՝ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով: Հարկ է նշել, որ ներկայումս գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով նման արտոնություն տրամադրվում է միայն ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց? վերջիններիս սեփականության (կամ համասեփականության) իրավունքով պատկանող միայն հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների կամ նշյալ հարկման օբյեկտների? իրենց բաժնի մասով: Այսինքն, գործող օրենքի համաձայն տվյալ արտոնությունից օգտվում են միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող  անձինք: Նախագծով առաջարկվում է ծառայության ընթացքում գույքահարկից ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների? Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող անձանց: Այս կապակցությամբ, պետք է նշել, որ Նախագծով առաջարկվող ձեւակերպումն, ակնհայտորեն, կտանի հարկային արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնման: Հաշվի առնելով այն փաստը, որ գույքահարկը տեղական բյուջե վճարվող հարկ է եւ, համաձայն «Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի վերջին պարբերության, ինչպես գործող, այնպես էլ Նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ, կարող ենք արձանագրել, որ Նախագծի ընդունումը կհանգեցնեի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների առանց այն էլ սահմանափակ եկամուտների կրճատմանը` առանց համապատասխան փոխհատուցման: Բացի այդ, տվյալ արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնումը, մեր կարծիքով, հիմնավորված չէ` թեկուզեւ հարկման հավասարության եւ արդարացիության սկզբունքի խախտման պատճառով: Հաշվի առնելով հանրապետությունում գույքահարկի գծով սահմանված հարկային բեռի համեմատաբար ցածր մակարդակը, կարծում ենք, որ առաջարկվող արտոնության տրամադրումը դժվար թե լուծի Նախագծի հիմնավորման մեջ նշված խնդիրը, այն է` «ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակի բարելավումը»:

Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով զինվորական ծառայության տեսակներ են սահմանվում ժամկետային, պահեստազորային եւ զորահավաքային ծառայությունները: Ուստի, առաջարկում ենք Նախագծում եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում եւս կատարել համապատասխան փոփոխություններ` «պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն» հասկացությունից հանելով «պարտադիր» բառը:

Ի դեպ, պետք է նկատի ունենալ նաեւ, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):» Այսինքն, գործող օրենքի համաձայն հիշյալ արտոնությունից որոշակի դեպքերում արդեն իսկ օգտվում են նաեւ ոչ միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 446-րդ հոդվածի 1-ին մասի 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու, ինչի հետեւանքով Նախագծով բարձրացված խնդրի նոր իրավական կարգավորման անհրաժեշտություն կառաջանա:   

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                            Գ. Կիրակոսյան 

29.01.2018թ.