ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2511-31.01.2018-ԱՍ-011/0), «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2512-31.01.2018-ԱՍ-011/0), «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2513-31.01.2018-ԱՍ-011/0), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2514-31.01.2018-ԱՍ-011/0) եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2515-31.01.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության եւ ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի եւ երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության եւ հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:

3. Փաթեթի կազմում ընգրկված «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը դադարեցվում է, երբ. «ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, զրկվել են/է ծնողական իրավունքներից:», սակայն հետագայում որեւէ կերպ չի հստակեցվում, թե ինչպե՞ս է լուծվում տվյալ բազմազավակ ընտանիքի երեխաների ճակատագիրը: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ այդ երեխաները տեղափոխվում են խնամքի համապատասխան պետական հաստատություններ եւ այլն, սակայն գործնականում կարող են հանդիպել նաեւ դեպքեր, երբ, օրինակ, 21 կամ 22 տարեկան, կրթական որեւէ հաստատությունում սովորող երեխան որոշում է, որ կարող է ինքը (պետական աջակցությամբ) հոգ տանել իր եղբայրների եւ քույրերի համար եւ այլն: Կարծում ենք, տվյալ հոդվածում անհրաժեշտ է հստակ սահմանել, թե նման դեպքում ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով է որոշվում երեխաների ճակատագիրը, ինչպես նաեւ սահմանել, թե ի՞նչ է տեղի ունենում, եթե ծնողները (կամ միակ ծնողը) վերականգնում է իր ծնողական իրավունքները:

3.2 Նախագծի 12-րդ հոդվածը, կարծում ենք, անհրաժեշտ է տեղափոխել 9-րդ հոդվածից առաջ, կամ էլ կարելի այն հանել, քանի որ իրավական որեւէ «ծանրաբեռնվածություն» չի կրում:

3.3 Նախագծի 14-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածներով, որպես բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության ցուցաբերման տեսակներ, սահմանվում են բնակարանով ապահովման, կենցաղային ապրանքի ձեռքբերման եւ ինքնազբաղվածության, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի եւ անասունների ձեռքբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման մասին դրույթներ, ինչը շատ կարեւոր եւ ողջունելի մոտեցում է: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնում են մասնավոր առեւտրային բանկերը, իսկ պետությունն էլ ներկայումս որեւէ գործիք չունի բանկերին նշված պայմաններով (եւ առհասարակ) վարկի տրամադրումը պարտադրելու համար: Արդյունքում կստացվի, որ Նախագծում տեղ գտած այս կարեւոր դրույթներն ուղղակի հռչակագրային բնույթ կկրեն, քանի որ ակնհայտ է, որ գործնականում բանկերը նման պայմաններով վարկեր ուղղակի չեն տրամադրի: 

Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքներում, ընդ որում` ավելացնելով ոչ միայն բազմազավակ ընտանիքների վերը նշված իրավունքներն ու վարկավորման պայմանները, այլեւ վարկերի մարման պայմանները, այսինքն`

- թե ո՞վ պետք է մարի այդ վարկերը` պետությունը, թե՞ բազմազավակ ընտանիքը,

- վարկի մայր գումարի եւ (կամ) տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմները,

- վարկի տրամադրման համար գրավի պահանջի բավարարման մեխանիզմները կամ նշված վարկերի համար գրավի պահանջի անհամատեղելիության նորմը,

- վարկի տրամադրման համար պետության` որպես վարկի մարման երաշխավորի ամրագրումը եւ այլն:

3.4 Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է, որ բազմազավակ ընտանիքի երեխաները կրթական բոլոր տեսակի հաստատություններում սովորելիս նրանց ուսման վարձը փոխհատուցվում է պետության կողմից` առավելագույնը 50 տոկոսի չափով, բայց այդ դրույթներից հետո ավելացվում է. «որի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Մեր կարծիքով, ուսման վարձի մասնակի փոխհատուցման առումով նշված մոտեցումն այնքն էլ ընդունելի չի կարող լինել, քանի որ փոխհատուցման առավելագույն սահմանի նշումն այս դեպքում անիմաստ է դառնում. եթե գործնականում կառավարությունը պետք է սահմանի այդ չափը (բնականաբար` իր բյուջետային հնարավորությունների սահմաններում), ապա, անկախ փոխհատուցման հնարավոր առավելագույն չափի մեծությունից, գործ ենք ունենում բյուջետավորման մնացորդային սկզբունքի կիրառման հետ (ինչն էլ չի «տեղավորվում» ՀՀ-ի կողմից որդեգրված բյուջետային ծրագրավորման համակարգում): Արդյունքում, կարող է ստացվել այնպես, որ այս օրենքով «հռչակվում» է առավելագույնը 50 տոկոսով ուսման վարձի փոխհատուցման իրավունք, սակայն գործնականում այդ փոխհատուցումը կարող է կազմել, օրինակ, 5 տոկոս կամ 10 տոկոս, որը սոցիալական առաջկցության տեսանկյունից չնչին օգնություն կլինի: Այս կապակցությամբ առաջարկում ենք ուսման վարձի փոխհատուցման չափը (որպես օրինակ` նույն 50 տոկոսը) հստակ սահմանել որպես միակ չափանիշ, ինչն էլ հիմք կհանդիսանա այս տեսակի աջակցության բյուջետավորման համար:

3.5 Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման տարեկան ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո ներառվում է համախմբված պետական բյուջեում եւ ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, ինչն ընդունելի մոտեցում չի կարող լինել, քանի որ`

- բյուջետային ծրագրավորման համակարգի պարագայում (ինչին անցում է կատարվում ՀՀ-ում) նման ծրագրերը ներառվում են պետական բյուջեի նախագծում, նոր (դրանով իսկ) մեխանիկորեն ընդգրկվում են նաեւ ՀՀ համախմբված բյուջեում,

- «համախմբված պետական բյուջե» արտահայտությունը հակասում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին (այդ օրենքով նման հասկացություն գոյություն չունի), մասնավորապես` տվյալ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն. «Պետական բյուջեն եւ համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) կազմում են Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն: ...»,

- այս ծրագրի համար որեւէ բյուջեում (իսկ ավելի ճիշտ` բյուջեի նախագծում) ներառվելու տեսանկյունից անիմաստ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու հանգամանքը շեշտելը, քանի որ դա կատարվում է տարեկան մեկ անգամ` բոլոր ծրագրերի համար միասնական կարգով:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ներառվում է համախմբված պետական բյուջեում եւ ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:» բառերը փոխարինել «պետական բյուջեի նախագծում:» բառերով: 

Ընդհանուր առմամբ, հատկապես հաշվի առնելով սույն եզրակացության 3.3-րդ եւ 3.4-րդ կետերում ներկայացված նկատառումները, կարծում ենք, սույն Նախագծի ընդունումը գործնականում չի կարող ապահովել դրանից ակնկալվող արդյունքների ստացումը, այն է. «բազմազավակության եւ ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի եւ երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության եւ հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:»:  

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                     Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

02.02.2018թ.