ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ -257-7.02.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից, նվազեցնել բենզինի եւ բնական սեղմված գազի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ վերանայել եկամտային հարկի դրույքաչափերը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

- Չանտեսելով հանրապետությունում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծման կարեւորությունը եւ այդ նպատակով տարբեր, այդ թվում` նաեւ հարկայինգործիքների կիրառման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունումը կարող է էականորեն ու բացասական ազդեցություն ունենալ 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի վրա, քանի որ ընթացիկ տարվա պետբյուջեի հարկային եկամուտները, նշված հարկատեսակների մասով, հաշվարկված են շատ ավելի բարձր դրույքաչափերով,

- Չնայած անուղղակի հարկերի դրույքաչափի բարձրացումն անմիջականորեն հանգեցնում է գների աճին, միեւնույն ժամանակ, չի կարելի միանշանակ վստահ լինել, որ դրույքաչափերի նվազեցման դեպքում տեղի կունենա հակառակ գործընթացը: Դա պայմանավորված է շուկայական գների ճկուն չլինելու հանգամանքով կամ այն օրինաչափությամբ, ըստ որի շուկայական հարաբերությունների պայմաններում գները շատ արագ արձագանքում են դրանց աճին նպաստող գործոններին եւ չեն արձագանքում կամ գրեթե չեն արձագանքում դրանց նվազեցմանը նպաստող գործոններին:

- Նախագծով առաջարկվում է բենզինը եւ բնական սեղմված գազը հարկել ակցիզային հարկով, իսկ դիզելային վառելիքը` ոչ: Կարծում ենք, նման մոտեցումը հիմնավորման կարիք ունի, հաշվի առնելով նշված ապրանքատեսակների համանմանությունը եւ նշանակությունը:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                                               Գ. Կիրակոսյան

12.02.2018թ.