ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  
 

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-8.02.2018-ԳԿ-011/0),  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2601-8.02.2018-ԳԿ-011/0),  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2602-8.02.2018-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2603-8.02.2018-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2604-8.02.2018-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2605-8.02.2018-ԳԿ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2606-8.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության մասին»,  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Փաթեթն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում ծագող հարաբերությունների իրավակարգավորմանը` հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները եւ առկա խնդիրները: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

3. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տարբեր հոդվածներում խոսք է գնում «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի» եւ դրա չափանիշների մասին, առանց դրանց հստակեցման: Կարծում ենք, վերջինիս անհրաժեշտությունն ակնհայտ է` հատկապես Նախագծով սահմանված խնդիրների լուծման մեխանիզմների գնահատման տեսանկյունից: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից է. «բարձրագույն կրթության որակի ապահովումը? բարձրագույն կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման եւ հավատարմագրման միջազգային, այդ թվում? Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի չափանիշների ներդրմամբ:»: Այս առումով, կարծում ենք, Նախագծում պետք է ամրագրել նշված չափանիշները կամ դրանցից հիմնականները, որպեսզի հստակ պարզ դառնա պետական քաղաքականության նպատակը եւ հնարավորություն լինի գնահատել դրա ձեռք բերման աստիճանը: Ընդ որում, անհրաժեշտ է նաեւ հստակեցնել, թե նշված չափանիշներն ինչքանո՞վ են համահունչ կամ գոնե չեն հակասում ԵԱՏՄ անդամ պետություներում գործող բարձրագույն կրթության չափանիշներին:

4. Մեր կարծիքով, սույն Փաթեթում պետք է ընդգրկված լիներ նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միասին պետք է քննարկվեր մեկ ընդհանուր համատեքստում` չնայած դրանց միջեւ գոյություն ունեցող որոշակի տարբերություններին: Խնդիրը հատկապես առնչվում է գիտական աստիճաններին: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է «մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու, PhD)» հասկացությունը, որը բարձրագույն կրթության երրորդ աստիճանում շնորհվող որակավորում է եւ գիտական աստիճան է: «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճաններ»: Այս առումով, անհասկանալի է մնում, թե Փաթեթի ընդունումից հետո հանրապետությունում ի՞նչ գիտական աստիճաններ են գոյություն ունենալու, ո՞րն է լինելու մասնագիտության դոկտորի եւ ներկայումս գոյություն ունեցող գիտությունների դոկտորի գիտական աստիճանի փոխկապվածությունը եւ տարբերությունը, ինչպե՞ս են զուգահեռաբար գոյակցելու Նախագծով նախատեսվող «մասնագիտության դոկտորի» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ ներկայումս (ըստ ներկայացված Փաթեթի, նաեւ դրա ընդունումից հետո) գործող «գիտության թեկնածուի» գիտական աստիճանները: Ավելին, Նախագծով որոշ պաշտոններ (բուհի ռեկտոր, դեկան) զբաղեցնելու համար սահմանված է գիտական աստիճանի առկայության պահանջ եւ, այս առումով, հասկանալի չէ, թե ո՞ր գիտական աստիճանի մասին է խոսքը` Նախագծով նախատեսվածի, թե՞ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանվածի: Ընդ որում, ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար ընդհանրապես չկա գիտական աստիճանի պահանջ (այն դեպքում, երբ ավելի շատ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար է անհրաժեշտ ունենալ գիտական աստիճան, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնն, ըստ էության, ավելի շուտ գիտամանկավարժական պաշտոն է): Ի դեպ, եթե Նախագծով հստակ սահմանվում է, որ բարձրագույն կրթության առաջին ? երկրորդ աստիճաններում որակավորումների, ինչպես նաեւ նախաբակալավրի որակավորման շնորհումը բուհի իրավասությունն է, ապա բարձրագույն կրթության երրորդ աստիճանում որակավորում շնորհող սուբյեկտն այս Նախագծով անհայտ է մնում (այնինչ` նման որակավորում շնորհելու լիազորությունը, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությունից ելնելով, պետք է ամրագրված լինի օրենքով): Նախագծով ընդամենը սահմանվում է, որ այդ աստիճանի շնորհման եւ ավարտական փաստաթղթի տրամադրման կարգը հաստատում է բարձրագույն կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: 

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ եթե նպատակը միաստիճան գիտական աստիճանների համակարգին անցումն է, ապա ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներում, որոնց անդամն է Հայաստանի Հանրապետությունը (ինչպես նաեւ մի շարք եվրոպական պետություններում), գործում է երկաստիճան համակարգ` գիտությունների թեկնածու եւ գիտությունների դոկտոր: Կարծում ենք, որ այս մոտեցումը համակողմանի հիմնավորման եւ դրա հնարավոր հետեւանքների գնահատման կարիք ունի:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով օրենքի նպատակ է սահմանվում «բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության խթանումը եւ դրանց հանրային պատասխանատվության բարձրացումը»: Մինչդեռ, Նախագծում բացակայում են նշված խնդիրների լուծումն ապահովող համապատասխան դրույթները: Ավելին, «հանրային պատասխանատվություն» հասկացությունը բավականաչափ ընդհանրական է ու մեկնաբանելի, ուստի այն հստակեցման եւ սահմանման կարիք ունի:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող հասկացությունների ցանկը բավականաչափ մեծ է եւ, ինչ-որ առումով, արհեստականորեն ուռճացված: Մինչդեռ,  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է:» Այս առումով, կարծում ենք, որ Նախագծում ներկայացված որոշ հասկացությունների անվանումն ավելի պարզ է արտացոլում դրանց բուն բովանդակությունը (այսինքն` լիովին հասկանալի է), քան դրանց տրված մեկնաբանությունները: Բացի այդ, որոշ հասկացությունների սահմանումներ ամբողջական կերպով չեն բնութագրում տվյալ հասկացությունը: Մասնավորապես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչը սահմանվում է որպես փաստաթղթութ, մինչդեռ, հանրահայտ է, որ չափորոշիչը փաստաթուղթ չէ: «Որակի ապահովումը» սահմանվում է որպես «որակի բարելավման գործընթաց», «ինքնավերլուծությունը»` «վերլուծության գործընթաց», «ակադեմիական ազատությունը»` «անկախության իրավունք» եւ այլն: Կարծում ենք, նշված հասկացություններն առավել հստակ սահմանման կարիք ունեն, քանի որ դրանցից որոշները պարզաբանման տեսանկյունից միանշանակ չեն ընկալվում: 

7. Նախագծով հաշվետվողականությունը սահմանվում է որպես  «հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքներին համապատասխան, սահմանված կարգով բուհի կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակում, որոնք արտացոլում են հաստատության հանրային (կամ սոցիալական) պատասխանատվությունը եւ կատարողականությունը հասարակության ու պետության առջեւ»: Կարծում ենք, եթե բուհի հանրային (կամ սոցիալական) պատասխանատվությունը բավականաչափ ընդհանրական ձեւակերպում է եւ մեկնաբանելի, ապա «հասարակության ու պետության առջեւ կատարողականությունը» ընդանրապես հասկանալի չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում: Ավելին, Նախագծում հստակ սահմանված չեն հիշատակվող հաշվետվություններում հրապարակման ենթակա այն տեղեկատվությունը եւ համապատասխան ցուցանիշները, որոնք պետք է արտացոլեն հաստատության հանրային (կամ սոցիալական) պատասխանատվությունը եւ կատարողականությունը հասարակության ու պետության առջեւ:

8. Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիր է սահմանվում գիտելիքի, հմտությունների եւ կարողունակության ձեռքբերման ու զարգացման միջոցով ուսանողների պատրաստումը հետագա ուսումնառության, մասնագիտական աշխատանքի եւ հարատեւ ուսումնառության նպատակով»: Կարծում ենք, «հարատեւ ուսումնառություն» հասկացության օգտագործումն այս համատեքստում ոչ միայն կոռեկտ, այլեւ տեղին չէ: Ստացվում է, որ բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից մեկը ուսանողին ընդմիշտ ուսանող պահելն է: Այս կապակցությամբ առաջարկում ենք «հարատեւ» բառը փոխարինել գոնե «շարունակական» բառով:

9. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունք է հռչակվում բարձրագույն կրթության մատչելիությունը, մրցակցայնությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ հրապարակայնությունը»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ մատչելիությունը բավականաչափ ընդհանրական եւ հարաբերական հասկացություն է եւ մեկնաբանելի: Նախագծում նման սկզբունքի ամրագրումը (որի անհրաժեշտությունն ակնհայտ է) ենթադրում է նաեւ համապատասխան մեխանիզմների սահմանում, որոնք հնարավորություն կտան հասարակության գերակշիռ մասի (կամ ամբողջի) համար ապահովել բարձրագույն կրթության մատչելիություն: Հակառակ պարագայում նշված սկզբունքը կկրի հռչակագրային բնույթ` առանց գործնական կենսագործման հնարավորության: Ինչ վերաբերում է մրցակցայնությանը, ապա այն ընդհանրապես հասկանալի չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում (այսինքն` անհասկանալի է մնում, թե խոսքը բիզնես մրցունակության մասին է, միջազգային մակարդակում այլ բուհերի հետ մրցունակ լինելու, թե՞ որեւէ այլ մրցունակության մասին է), առավել եւս որ հասկացությունների մասում դրա սահմանումը բացակայում է:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի` 

ա) 3-րդ կետով բուհի խնդիր է սահմանվում բարձրագույն կրթության եւ հետազոտությունների համար տրամադրվող պետական միջոցների արդյունավետ օգտագործումը: Կարծում ենք, դա ոչ թե բուհի (ինչպես նաեւ բյուջետային ֆինանսավորում ստացող յուրաքանչյուր սուբյեկտի) խնդիրն է, այլ նրա պարտականությունը` դրանից բխող բոլոր հետեւանքներով,

բ) 6-րդ կետով որպես բուհի խնդիր է սահմանվում միջազգայնացման ապահովումը, որը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունի` նախ եւ առաջ դրա պարզաբանման եւ համապատասխան դրույթների ամրագրման տեսանկյունից,

գ) 11-րդ կետում օգտագործվող «պետության տնտեսական գործընթացներ» արտահայտությունն առաջարկվում է հանել, քանի որ նման գործընթացներ, որպես այդպիսիք, գոյություն չունեն,

դ) 13-րդ կետում բուհի խնդիր է սահմանվում կառավարման գործունեության արդյունավետության ցուցանիշների համակարգի ներդրումը, առանց հիշատակելու, թե դա ի՞նչ է իրենից ներկայացնում` պարտականություն, թե՞ իրավունք:

11. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես բուհի իրավասություն, սահմանվում է «համապատասխան ոլորտի գործատուների ներգրավածության ապահովմամբ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի, ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի (նկարագրերի) մշակումն, դրանց  հաստատումը, ուսումնական գրականության եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը»: Նախագծով բուհի կառավարման խորհրդի ձեւավորման գործընթացում եւս նախատեսվում է բուհի հետ համագործակցող գործատուների մասնակցություն: Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է կատարվի նման գործատուների ընտրությունը:

12. Նույն հոդվածի 20-րդ կետով «ամփոփիչ ատեստավորումը» սահմանվում է որպես «բուհի բարձրագույն կրթության համապատասխան աստիճանի որեւէ կրթական ծրագրի շրջանավարտի գիտելիքի, հմտությունների եւ կարողունակության ստուգման գործընթաց»: Կարծում ենք, հստակեցման կարիք ունի «կարողունակություն» հասկացությունը, որն, ի դեպ, օգտագործվում է նաեւ Նախագծի այլ հոդվածներում: Միաժամանակ, հմտությունների եւ կարողունակության (այսինքն` պրակտիկ կարողությունների) ստուգումը ենթադրում է որոշակի մեխանիզմների գործադրում, որոնք բացակայում են Նախագծում:

13. Համաձայն Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բուհերը ՀՀ պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել բազային ֆինանսավորման միջոցով, որը հատկացվում է պետական բուհերին` ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման, ընթացիկ ծախսերի կատարման նպատակով եւ դրա չափը կախված չէ բուհին հատկացվող պետական կրթաթոշակների թվից: Այստեղ հստակ չի սահմանվում, թե ի՞նչ նորմատիվների հիման վրա է հաշվարկվելու ֆինանսավորման չափը եւ արդյո՞ք դա ենթադրում է ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերի ամբողջական, թե՞ մասնակի ֆինանսավորում: Նույն մասում սահմանվում է, որ բազային ֆինանսավորման բաղկացուցիչ մաս է կազմում բուհերի գործունեության «կատարողական արդյունքային» ցուցանիշները: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ նշված ցուցանիշները ոչ թե պետք է կազմեն բազային ֆինանսավորման բաղկացուցիչ մաս (որը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ հասկանալի չէ), այլ բազային ֆինանսավորման չափը պետք է որոշվի բուհերի գործունեության կատարողական արդյունքային ցուցանիշներից ելնելով: 

14. Նախագծի 25-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ հանրային բուհերը հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձեւավորելու դեպքում զուտ շահույթի առնվազն 5 տոկոսի չափով ձեւավորում են պահուստային ֆոնդ` ապագա ռիսկերի եւ անորոշությունների` ներկա արժեքի եւ ապագայի դեպքերի, անբարենպաստ պայմանագրերի եւ այլ չկանխատեսված ֆորս-մաժորային իրավիճակների համար»: Կարծում ենք, «անբարենպաստ պայմանագիր» ձեւակերպումը ընդունելի չի կարող լինել, քանի որ պայմանագիրն այն կնքող կողմերի կամավոր համաձայնությամբ տեղի ունեցող գործողության արդյունք է, որոնցից յուրաքանչյուրի քայլերի շարժառիթը պայմանագրով նախատեսվող բարենպաստ պայմաններն են: Ինչ վերաբերում է «անորոշությունների` ներկա արժեքի եւ ապագայի դեպքերի» ձեւակերպմանը, ապա այն բովանդակային առումով հստակեցման կարիք ունի, քանի որ հասկանալի չէ, թե ի՞նչ արժեքի մասին է խոսքը (անորոշությունը հենց նրա համար է կոչվում անորոշություն, որ դրա մասին ոչինչ հայտնի չէ, ուստի որեւէ արժեքով այն հնարավոր չէ գնահատել) եւ ո՞ր դեպքերի մասին է խոսքը: Միաժամանակ «ապագա ռիսկեր» արտահայտությունից պետք է հանել «ապագա» բառը, քանի որ ռիսկը միշտ էլ վերաբերում է ապագային: Այս կապակցությամբ, կարծում ենք, ընդամենը բավարար կլիներ սահմանել, որ պահուստային ֆոնդը ձեւավորվում է անկանխատեսելի ծախսերի ֆինանսավորման նպատակով:

15. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «բուհերը կարող են նաեւ սահմանված կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ, որոնց սահմանման անհրաժեշտությունը եւ չափը հաստատում է տվյալ բուհի կառավարման խորհուրդը` ռեկտորի ներկայացմամբ»: Կարծում ենք, նշված վճարները հստակեցման կարիք ունեն ինչպես ծառայությունների տեսակների շրջանակի, այնպես էլ դրանց համար գանձվելիք վճարների առավելագույն չափերի սահմանման տեսանկյունից, այլապես բուհը, ըստ էության, չի տարբերվի մասնավոր բիզնես սուբյեկտից եւ նույնիսկ կարող է էականորեն շեղվել իր բուն գործառույթների իրականացումից:

16. Նախագծի 28-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ. «Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը հանրային բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում:» (անցումային դրույթներով սահմանվում է, որ նշված դրույթը գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ` նշված կանոնը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ում 70 տարին լրացել է): Կարծում ենք, դա կարող է հետագայում լուրջ խնդիրներ ստեղծել` հատկապես մի շարք մասնագիտությունների գծով երիտասարդ կադրերի դեֆիցիտի պատճառով: Այսինքն, չունենալով անհրաժեշտ ու որակյալ հերթափոխ, միանգամից նման կտրուկ քայլերի իրականացումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել բուհերի բնականոն գործունեության ապահովման առումով: Անշուշտ, գիտամանկավարժական գործունեության երիտասարդականացումը չափազանց կարեւոր է, բայց դա պետք է տեղի ունենա սահուն ճանապարհով, առանց նման արհեստական միջամտությունների: Բացի այդ, եթե Նախագծի հեղինակների կարծիքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը հնարավորություն չունի իրականացնել որակյալ դասախոսական աշխատանք, ապա հարց է առաջանում` ինչու՞ նույն արգելքը չի տարածվում նաեւ մասնավոր բուհերի վրա:

17. Նախագծում կան նաեւ որոշ խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես, առաջարկվում է ներդնել նախաբակալավրի աստիճանով ուսուցումը, որի արդունքում ուսանողը ձեռք է բերում մասնագիտական եւ գործնական գիտելիքներ, հմտություններ եւ կարողունակություն? աշխատելու համար: Իսկ բակալավրի աստիճանով ուսուցման արդյունքում, համաձայն Նախագծի, ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի համակողմանի եւ համակարգված գիտելիք, հմտություններ եւ կարողունակություն? աշխատելու համար: Այս տեսանկյունից, հստակեցումների կարիք կա, քանի որ բավականաչափ դժվար է պարզել, թե որտե՞ղ են վերջանում մասնագիտական եւ գործնական գիտելիքները եւ սկսվում համակողմանի ու համակարգված գիտելիքները: 

18. Նախագծով սահմանված չեն բուհերին լիցենզիայից զրկելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու եւ դադարենցելու հիմքերը եւ դեպքերը: Կարծում ենք, այս առումով Նախագծին ունի լրամշակման կարիք:

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

19.02.2018թ.