ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-319-16.05.2018-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3191-16.05.2018-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3192-16.05.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Գագիկ Մելիքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է սահմանել տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց լիցենզիայի գործողությունը դադարեցնելու իրավական հիմք` եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո վեց ամսվա ընթացքում կասեցման հիմք հանդիսացող խախտումը չի վերացվել, այսինքն` պետական տուրքը չի վճարվել: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ նշված հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց առնվազն մեկ ամիս առաջ անձը տեղեկացվում է լիցենզիայի գործողությունը դադարեցվելու հնարավորության մասին, իսկ պետական տուրքի չվճարման հիմքով լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ` առանց դատական կարգի: Առաջարկվում է կատարել նաեւ այլ փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կապված են ինչպես տաքսի ծառայության, այնպես էլ գործունեության այլ տեսակների հետ:

Ընդհանուր առմամբ Նախագերի փաթեթի ընդունումը կարող է ապահովել դրանցով նախատեսված նպատակների իրականացումը: 

Նախագծերի փաթեթում ընդգրկված` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ խնբագրական բնույթի առաջարկությունները.

ա) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության «Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն մասի» բառերով, իսկ 4-րդ կետով առաջարկվող լրացման տեքստից առաջարկում ենք հանել «հոդվածի 1-ին» բառերը:

բ) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել դրա վերջին նախադասությունը, քանի որ այն բառացիորեն կրկնում է Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող լրացման երկրորդ պարբերությանը: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                               Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

24.05.2018թ.