ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Վ. Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ. «առեւտրի օբյեկտներում մանրածախ առեւտուր չեն կարող իրականացնել ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը»: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, դրա նպատակը նաեւ «մրցակցային հարաբերությունների որակի բարելավումն է»: Կարեւորելով նշված խնդրի լուծման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում նշել, որ եթե նպատակը ներմուծող կամ մեծածախ առեւտուր իրականացնող սուբյեկտների կողմից մանրածախ առեւտրի ոլորտում ցածր գներ սահմանելու հնարավորությունների բացառումն է, ապա, կարծում ենք, որ այն առավել նպատակահարմար է լուծել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործիքակազմի շրջանակներում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծով նախատեսվող հարաբերությունների կարգավորումն առավելապես գտնվում է տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նշված օրենքով արդեն իսկ տրված է առեւտրային ցանցի սահմանումը եւ, այս առումով, Նախագծով առաջարկվող սահմանումը դրան համապատասխանեցնելու կարիք ունի:  Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»: Այս առումով, դրա չհիմնավորված սահմանափակումը, մեր կարծիքով, վիճահարույց է, իսկ դրանով հետապնդվող արդյունքը, կարծում ենք, կարելի է ստանալ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության նպատակով արդեն իսկ ամրագրված գործիքներով:

բ) Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ. «առեւտրային ցանցում մանրածախ առեւտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20:00-ից մինչեւ ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածը»: Կարծում ենք, նման մոտեցումը խիստ խնդրահարույց է եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի ինչպես ակնկալվող արդյունքի հիմնավորման, այնպես էլ նախատեսվող սահմանափակումների (օրերի եւ ժամերի) տեսանկյունից: Ընդ որում, պետք է դիտարկել նաեւ այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կունենան սպառողները նշված օրերին եւ ժամերին համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորություններից զրկվելու հետ կապված: Կարծում ենք, առեւտրի փոքր օբյեկտիների գործունեության պետական աջակցությունը պետք է իրականացվի առավելապես տնտեսական գործիքների միջոցով, ինչը հնարավորություն կտա սպառողներին ունենալ ընտրության հնարավորություն` առեւտրային ցանցերից կամ փոքր խանութներից օգտվելու առումով:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                    Գ. Կիրակոսյան 

20.06.2018թ.