ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-329-11.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել բաժնետիրական ընկերության միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագրի մասով, որն ըստ հեղինակների, կկանխի սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի (այս դեպքում` ԲԸ միանձնյա գործադիր մարմնի, այն է` տնօրենի կամ գլխավոր տնօրենի) հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի վերնագիրը եւ դրա 1-ին հոդվածում Օրենքի ընդունման օրը ճշգրտման կարիք ունեն, մասնավորապես` նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն անհրաժեշտ է տեղափոխել «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» բառերից հետո, իսկ 1-ին հոդվածի «սեպտեմբերի 1-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սեպտեմբերի 25-ի» բառերով:

3.2 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «միանձնյա գործադիր մարմնի» բառերը, սակայն որեւէ տեղ չի ավելացվում, թե անհրաժեշտության դեպքում ո՞վ պետք է լուծի միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը (այս կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել կամ Օրենքի 88-րդ հոդվածում կամ էլ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստում):

3.3 Նախագծի հիմնավորման մեջ բերված փաստարկումները (համաձայն որոնց` ԲԸ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան), մեր կարծիքով, հավասարապես վերաբերում են նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում հիշատակված մյուս սուբյեկտներին` բացառությամբ «կառավարիչ-կազմակերպության», քանի որ այդ մասում թվարկված մյուս սուբյեկտները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները եւ կառավարիչը) նույնպես ֆիզիկական անձինք են, եւ եթե նրանց հետ կնքված չէ ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա Նախագծով առաջարկվող նոր կարգավորումները վերաբերելի են նաեւ այդ սուբյեկտներին: Հետեւաբար, խտրական պայմաններ չառաջացնելու նկատառումով, առաջարկվող փոփոխությունն ու լրացումը, կարծում ենք, պետք է տարածվեն նաեւ ԲԸ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների եւ կառավարիչի վրա:

3.4 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման հետ կապված (համաձայն որի. «Միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով») հարկ ենք համարում նշել, որ տվյալ խմբագրությամբ լրացումն էական ոչինչ չի տա, քանի որ եթե միանձնյա գործադիր մարմնի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, ապա այսպես թե այնպես, այդ աշխատանքային պայմանագրի լուծումը կատավելու է հենց Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով (այլ տարբերակ չի էլ կարող լինել): Այլ հարց է, եթե սահմանվեր, որ անկախ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագրի տեսակից (ծառայության մատուցման, աշխատանքային կամ այլ) պայմանագրի լուծումը պետք է կատարվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:         

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                       Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

13.06.2018թ.